Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Անն Իդալգոն կդառնա Փարիզի քաղաքագլուխ եւ պատմության մեջ առաջին կինը, որը կզբաղեցնի այդ պաշտոնը: Սրանք են պաշտոնական տվյալները, որոնք Ֆրանսիայի ՆԳ նախարարությունը հրապարակել է մարտի 30-ին երկրում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների վերաբերյալ:
Իդալգոն, հավաքելով ձայների 53,5 տոկոսը, մրցակցուհուն՝ աջերի թեկնածու նախկին նախարար Նատալի Կոստյուշկո-Մորիզեին հաղթել է գրեթե 10 տոկոսի առավելությամբ, չնայած այն բանին, որ առաջին փուլում զիջում էր նրան:
Ինչպես նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, պաշտոնապես քաղաքագլխի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 5-ին քաղաքային խորհրդի նիստում, որը կձեւավորվի մունիցիպալ ընտրություններում քաղաքացիների քվեարկության արդյունքների հիման վրա:
Անն Իդալգոն երկար տարիներ աշխատել է որպես Փարիզի քաղաքագլուխ Բերտրան Դելանոյեի տեղակալ, ով այդ պաշտոնն զբաղեցնում է 2001 թվականից: