11 տարի առաջ ցմահ ազատազրկման դատապարտված, «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող Վաղարշակ Ավետիսյանն  արդեն 5-րդ օրն է՝ հացադուլի մեջ է։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com—ին հայտնեց նրա հարազատներից Քրիստինե Բաղրամյանը։  

Նա փոխանցեց՝ դատապարտյալն այդ քայլով պահանջում է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի և լրատվամիջոցների հետ հանդիպում, ինչպես նաև գործի վերանայում։

«Առանց փաստերի, առանց հիմքերի՝ դատապարտվեց: Նրա մեղքն ապացուցված չէ։ Քանի որ հեղափոխություն է եղել, ուզում է, որ արդարություն լինի։ Հացադուլով պահանջում է վերանայել գործը։ Նա առողջական խնդիրներ ունի, ինչը բարեկամների մոտ մեծ մտահոգություն է առաջացրել»,- ասաց մեր զրուցակիցը։
 
Նշենք, որ Վաղարշակ Ավետիսյանը 2018թ․ նոյեմբերին բաց նամակ էր հղել արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին․ «Իմ բազմաթիվ դիմումներին և բողոքներին ի պատասխան ստացա ինձ 10 տարի հուզող հարցերից մեկի պատասխանը, որը վերաբերում էր 2008թ., երբ ինձ 106 օր շարունակ պահեցին Գորիսի ոստիկանական բաժանմունքի ՁՊՎ-ում: Օրեր առաջ ինձ գրություն են ուղարկել Ոստիկանությունից, որով տեղեկացնում են, որ իմ դիմումների քննության ընթացքում պարզվել է՝ ինձ 2008թ-ին ինձ անօրինական են պահել Գորիսի բաժնում: Այդ պատճառով Գորիսի այդ ժամանակվա պետ Սևադա Առաքելյանը ստացել է կարգապահական տույժ և այլևս չի աշխատում համակարգում: Ես բազմիցս բարձրաձայնել եմ, որ այդ 106 օրերի ընթացքում ինձ պարբերաբար խոշտագել են»,- գրել է նա
 
Հիշեցնենք, որ 2008-ին 20-ամյա տղան ձերբակավել է՝ տաքսու վարորդին սպանության մեղադրանքով:
 
Բանտում գտնվելու 3-րդ տարում Վաղարշակն ամուսնացել է ազգությամբ ռուս կնոջ հետ: