Նուբարաշենի մեկուսարանում գտնվող, ցմահ ազատազրկման դատապարտված, հացադուլ հայտարարած 29 դատապարտյալների հարազատներից մեկին և լրագրողներին ընդունել է արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը: Նա նշել է, որ նախարարությունը խնդիրն ուսումնասիրում է՝ սեղմ ժամկետում պատասխան տալու նպատակով: «Հուլիսին մենք կփորձենք ամփոփել այդ խնդիրները և մեր անելիքները, համենայնդեպս, եթե պահ անջվեն օրենսդրական լուծումներ, գործնական քայլեր, մենք հստակ կհայտնենք, թե ինչ ենք պատրաստվում անել»,- հայտնել է Քրմոյանը:
Հացադուլ հայտարարած դատապարտյալները պահանջում են հնարավորություն ընձեռել վաղաժամկետ ազատման համար: Դատապարտյալները պահանջում են իրենց գործերի վերանայման հնարավորություն:
Արդարադատության նախարարության մոտ հավաքվել էին դատապարտյալների հարազատները, ովքեր պնդել էին, որ հացադուլ հայտարարած իրենց հարազատներն իրականում անմեղ են, չեն ընդունել մեղադրանքները, սակայն դատապարտվել են ծանր հանցագործության համար: Նրանք բողոքում են, որ հնարավորություն չի ընձեռվում, որպեսզի վերանայվեն նրանց գործերը՝ հանուն արդարության: