Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԵՊՀ ուսանողները շարունակում են բողոքի ակցիան` ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակման: Մեծ թվով ուսանողներ հրաժարվել են մասնակցել դասերին և «տարկետում լինելու է, դասադուլ, միացում» վանկարկումներով կոչ են անում միանալ իրենց: Ի դեպ, այսօր նրանց են միացել նաև դասախոսական անձնակազմից:
Դասադուլավորները շարժվեցին դեպի Կրթության և գիտության նախարարություն՝ Լևոն Մկրտչյանին հանդիպելու և իրենց պահանջը ներկայացնելու նպատակով:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարաի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը նշեց, որ Լևոն Մկրտչյանը պատրաստ է ընդունել բողոքող ուսանողներին.
«Նախարարը նրանց նախորդ անգամ էլ էր հրավիրել, սակայն նրանք չեկան հանդիպման: Ի՞նչ կարող էր անել նախարարը: Հիմա էլ Լևոն Մկրտչյանը պատրաստ է ընդունել նրանց»,- ասաց ԿԳՆ մամուլի խոսնակը:
Նշենք, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից՝ Դավիթ Պետրոսյանը ներկայացրել էր Պաշտպանության նախարարության նախատեսած հանդիպմանն իրենց չմասնակցելու պատճառները:
«Երեկ Պաշտպանության նախարարությունից մեզ զանգեցին ու ասացին՝ հանդիպում է նախատեսվում և բոլոր ԶԼՄ-ներին ուղարկվել է հաղորդագրություն, սակայն կան ԶԼՄ-ներ, որ հրավիրված չեն եղել: Այստեղ արդեն կա խնդիր, բայց ես չեմ ասում, որ մեզ մտադրված խաբել են, սակայն եթե ասում են բոլոր, ուրեմն պիտի լինեն բոլորը»,- նշել է նա:
Սոնա Հարությունյան