Այսօր՝ փետրվարի 4-ին, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել խմբակցության անդամների և ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի միջև: Հանդիպումից հետո նախարարը լրագրողների հետ պարզաբանեց հանդիպման նպատակը:
«Շատ լավ առիթ էր, որպեսզի մենք միասին քննարկենք հարց, որը վերաբերում է մեզ բոլորիս՝ հայությանը, ներառյալ ԼՂ մասին, մենք խոսեցինք տարբեր հարցերի շուրջ: Ինձ համար կարևոր է աշխատել ԱԺ խմբակցությունների հետ, չափազանց կարևոր է: Սա երկխոսություն է, որտեղ համեմատում ենք մոտեցումները, համեմատում ենք գնահատականները, փորձում ենք մենք ինքներս մեզ համար տեսնել՝ որտեղ ինչին պետք է առավել ուշադրություն դարձնել, նաև բացատրում ենք մեր արածը, այդ առումով է, որ կարևոր է համարում նման ֆորմատով հանդիպումները, շատ բարձր եմ գնահատում»,-ասաց Մնացականյանը:
Նախարարը հաստատեց, որ քննարկումը վերաբերվել է նաև արցախյան հիմնահարցին՝ ասելով, որ այս հարցում համագործակցության մթնոլորտը շատ կարևոր է:
Իր հերթին Մարուքյանն ասաց, որ հանդիպումը նախաձեռնել էին նրա համար, որ մտահոգությունները փարատվեին և նոր մտահոգություններ չունենային տեղեկատվական տարբեր արտահոսքերի վերաբերյալ:
«Բեռլինի հանդիպումից հետո կամ դրանից առաջ՝ Դավոսի հանդիպումից հետո, բազմաթիվ լրագրողներ էին ինձ զանգում և ասում՝ կմեկնաբանե՞ք այդ հանդիպումները, և այդ դեպքում, եթե ես տեղեկատվություն չունեմ, ի՞նչը մեկնաբանեմ: Երկրորդն էլ՝ եթե մենք տեղեկատվություն ենք ունենում, պետք է իմանանք, որ մասը մեկնաբանենք և որ մասը՝ ոչ»,-ասաց Մարուքյանը:
Հարցին, թե նա ստացա՞վ ԱԳ նախարարից այն հարցի պատասխանը, թե ինչով էր պայմանավորված ԼՂ հարցի շուրջ այդ ակտիվությունը, Մարուքյանը պատասխանեց.
«Թե ինչ է տեղի ունենում և ինչ քննարկումներ կան, այդ հարցի պատասխանները ստացանք, իսկ թե ինչու է ակտիվ՝ մենք նման հարց չունենք, որովհետև պարզ է, որ պետք է ակտիվ լինի: Արցախյան խնդրի շուրջ միշտ կա մտահոգություն՝ քանի դեռ այն կարգավորված չէ»,-ասաց Մարուքյանը: