Մամուլում ակտիվ շրջանառվում է տեղեկությունը, թե «Գազպրոմ Արմենիա»-ն չի պատրաստվում իր ծախսերի կրճատման հաշվին սուբսիդավորել Ռուսաստանից արդեն 165 դոլարով ներկրվող գազը: Ավելին՝ նշվում է, որ այս հարցով ՀՀ կառավարությունը ընկերության հետ նույնիսկ բանակցություններ չի վարել:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայության պետ Միխայիլ Հարությունյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ  դեռևս մասնագիտական ուսումնասիրություններ են անցկացվում՝ հասկանալու համար, թե «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կկարողանա՞ նման բեռն իր վրա վերցնել, թե՞ ոչ:

«Ներկայում աշխատանքային քննարկումներ են անցկացվում Էներգետիկայի բնագավառում ՀՀ կառավարության լիազորած մարմնի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի  և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ համապատասխան մասնագետների մասնակցությամբ»,- մանրամասնեց Միխայիլ Հարությունյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ լրացուցիչ տեղեկատվություն կտրվի նշված աշխատանքային քննարկումների ավարտից հետո միայն:

Նկատենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անցյալ տարվա դեկտեմբերի վերջին, երբ հայտնի դարձավ, որ ռուսական «Գազպրոմ» պետական ընկերությունը 10 տոկոսով թան­կացնում է Հայաստան մատակարարվող գազի գինը՝ 150-ից դարձնելով 165 դոլար, հայտարարել էր. «Գազի գինը սպառողների համար չի բարձրանա, իսկ տարբերությունը կփոխհատուցի «Գազպրոմ Արմենիա»-ն՝ ծախ­սերի կրճատման հաշվին»: 

Ստացվում է, որ վարչապետ Փաշինյանը, առանց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հետ բանակցություններ վարելու և վերջանական արդյունքի հասնելու՝ կրքերը հանդարտեցնելու համար հայտարարում է մի բան, որը դեռ քննարկման փուլում է, և որի մասով որոշում չկա:

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն օրերս ժամանել էր Հայաստան, որից հետո գազի գնի սուբսիդավորման վերաբերյալ նման տեղեկություն է տարածվում: Թե ինչքանով է Կարեն Կարապետյանը փոխել բանակցությունների հունը և Փաշինյանի պլանները, պարզ կլինի քննարկումներից հետո:

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ