ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կառավարության հրապարակված ծրագրի նախագծի վերաբերյալ քննադատությանը միանշանակ չի նայում:
Ջանջուղազյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ծրագրի վերաբերյալ հնչող քննադատությանը, թե դրանում թվեր ներկայացված չեն:
«Կառավարության ծրագրի նախագծի վերաբերյալ քննադատությունն օրինաչափ է: Համոզմունք կա նաև, որ կարծիքների բախումն ուղղված է լինում դրա բարելավմանը: Տեսակետը, թե ծրագրում պետք է շատ թվեր լինեն, կամ տեսակետը` եթե այս թիվը չկա, ուրեմն ծրագիրը թերի է, որպես բացարձակ ճշմարտություն չի կարող օգտագործվել: Չկան սահմանված պահանջներ ներկայացվող ծրագրին, հետևաբար ցանկացած կառավարություն ինքն է որոշում, թե ծրագիրն ինչպիսին պետք է լինի, ինչը պետք է շեշտադրվի և ինչ չափով»,-ասաց Ջանջուղազյանը:
Նա նշեց` կառավարությունն է որոշում` արդյոք կարևո՞ր է որևէ թվային ցուցանիշի արտացոլումը, թե քաղաքականության ուղղության հռչակումը և ըստ դրա նաև ձգտումը հնարավոր առավելագույն ցուցանիշի հասնելու համար:
«Միայն այս կամ այն թվի բացակայությամբ պայմանավորված ծրագրին նման մեկնաբանություն տալը հիմնավորման կարիք ունի: Եվ կառավարության պատասխանատվությունից խուսափելու մասին խոսելը տեղին չէ»,- նշեց նախարարը:
Նա նաև կարևորեց այնպես անել, որ հասարակության յուրաքանչյուր անդամ զգա դրական փոփոխություն: Միևնույն ժամանակ նկատեց` այնպիսի մի իրավիճակ ունենալը, որ բոլորը հավասարապես զգան այդ փոփոխությունը, ավելի շատ ցանկության է նման:
Կառավարությունն իր ծրագիրը ներկայացրել է փետրվարի 6-ի նիստում և հաստատել։ ՀՀ սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ԱԺ-ն Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: