Օրեր առաջ՝ «Ազատության» ուղիղ եթերում, Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը հայտարարեց, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը և Արցախի իշխանությունները 2017-ին տարածքների զիջումների մասով բանակցություններ են վարել: Բաբայանը շեշտեց. «Ղարաբաղցիներին հարցրեք՝ Հայաստանի այն ժամանակվա գործող նախագահը ձեզ հետ ինչի՞ մասին է բանակցել, ի՞նչ զիջումներ պետք է անեիք, ինչպե՞ս պետք է անեիք։ Ղարաբաղի ղեկավարությանն այդ հարցերն ուղղեք, որ հիմա բլբլում են, թող այն ժամանակ բլբլային»:
Արցախի և Հայաստանի իշանության որոշ ներկայացուցիչներ Բաբայանի հայտարարությունները մեկը մյուսի հետևից սկսեցին հերքել, հաստատել, իրենց վերլուծություններն անել: Մասնավորապես, հերքողների շարքում էր Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, Արցախի նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանը:
Հարությունյանը վստահություն է հայտնել, որ «Հող հանձնող» իշխանությունը Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցում չի նախաձեռնում, հայրենադարձության ծրագիր չի իրականացնում, ներդրումների ու պետական միջոցների հաշվին տարածքային համաչափ զարգացման քաղաքականությամբ չի զբաղվում: «Ի վերջո՝ առաջնագիծն ու բանակը չի ամրացնում»։
Արայիկ Հարոությունյանը փոքրիկ պարզաբանում է մտցրել Բաբայանի հայտարարության մեջ, ասելով որ հիշատակված հայտնի հանդիպումը կամ ավելի ճիշտ՝ հանդիպումները տեղի են ունեցել ոչ թե 2017 թ.-ին, այլ 2016 թ.-ի ապրիլ և հուլիս ամիսներին, որտեղ իրենք եկել ենք ընդհանուր հայտարարի, այն է՝ բանակցային օրակարգում Արցախի ներկայիս փաստացի կարգավիճակից ոչ մի քայլ նահանջ չի կարող լինել:
«Հող հանձնող իշխանության» մասով առավել արժանահավատ կլինի, երբ մի ուշագրավ «բացահայտում» անենք: Գաղտնիք չէ, որ 1996 թ.-ից սկսած ամեն տարի՝ Լոս Անջելեսից հեռարձակվող ամենամյա հեռուստամարաթոնը հանրագումարի է բերում տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում ու սփյուռքում հավաքագրված գումարները, հաշվետվություն ներկայացնում նվիրատուներին, և հայությանը համախմբում հայրենիքի համար կենսական կարևորության ձեռնարկի շուրջ: Հեռուստամարաթոններում հավաքված նվիրատվություններն ուղղվում են հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստերում հաստատված խոշորածավալ ռազմավարական ծրագրերի իրագործմանը: Եվ հենց այս նույն ծրագրով, մասնավորապես՝ Արցախի Հանրապետությունում լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ են կատարվել և կատարվում՝ լուծվում է խմելու ջրի, ասֆալտապատման, դպրոցաշինության, առողջապահության և գյուղատնտեսության խնդիրները:
Ավելին՝ Հայաստան Համահայկական հիմնադրամի 2012թ.-ի նվիրատվություններն ուղղվեցին Արցախի և Հայաստանի գյուղական շրջաններում համայնքային կենտրոնների կառուցմանն ու սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը:
Ինչ վերաբերում է Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցմանն ու դա հայրենասիրական զեղումների ներքո ներկայացնելուն, պետք է նշել, որ Հայաստան համահայկական հիմնադրամի՝ 2013թ.-ին հավաքագրված միջոցներն են ուղղվել Հայաստանը և Արցախն իրար կապող՝ շուրջ 116 կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի հողային աշխատանքների իրականացմանը և 2014թ.-ին հավաքագրած գումարներով էլ մեկնարկել է ճանապարհի ասֆալտապատումն ու հարդարումը: Առաջնագծի և բանակի ամրացման մասին խոսելը, թերևս, ավելորդ է...