ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի վերաբերյալ հայտարարություններն այս փուլում չեն նպաստում կոնսենսուսի հիման վրա, բոլոր կողմերի համար ընդունելի լուծում գտնելուն: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:
-Ինչպես կմեկնաբանեք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի
հայտարարությունները՝ սահմանափակ կազմով որոշում կայացնելու և հայկական կողմի հետ հանդիպումը չկայանալու վերաբերյալ:
-Հաշվի առնելով, որ կարևոր խորհրդակցություններ են անցկացվում անդամ պետությունների միջև՝ այս փուլում հայտարարություններն ու մեկնաբանությունները չեն նպաստում գործող իրավական հենքի՝ բոլոր 6 անդամ պետությունների կոնսենսուսի հիման վրա, բոլոր կողմերի համար ընդունելի լուծում գտնելուն:
Զասը փետրվարի 7-ին հայտարարել է, որ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի վերաբերյալ ՀԱՊԿ կանոնակարգը սահմանափակ կազմով որոշման ընդունման հնարավորություն է նախատեսում, սակայն դա լավագույն տարբերակը չէ։ Նման որոշումները կոնսենսուսով են ընդունվում: Բացի դրանից նա նշել է, որ
պատրաստ է հանդիպել հայկական կողմի հետ, սակայն դեռ Երևանից պատասխան չի ստացել։