ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը միաձայն նախագահի տեղակալ ընտրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանին:
«Արտաքին քաղաքականությունը կոլեկտիվ աշխատանք է: Անկախ քաղաքական պատկանելիությունից, մենք կարողանում ենք գտնել այն մոտեցումը, որն ընդհանուր է բոլորի համար: Օրինակ` ԵԽԽՎ-ում մենք կարողացել ենք գտնել այնպիսի մոտեցում, որը արտաքին քաղաքականության մեջ մեզ ներկայացրել է որպես մեկ թիմ` մեկ մոտեցմամբ»,- նշեց հանձնաժողովի փոխնախագահը:
Նա մեծապես կարևորեց խորհրդարանական դիվանագիտությունը։ Հանձնաժողովը մեծ դեր ունի: Խորհրդարանական դիվանագիտությունը սկսում է մեկ պատգամավորից: «Ինձ թվում է, որ ամեն երկրի հետ պետք է ունենանք մի մոտեցում, կոնցեպտ: Յուրաքանչյուր երկրի հետ դա այլ է»,- ասաց Իգիթյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ պատրաստվում են սերտ կապեր ունենալ գործադիրի հետ, կգտնեն տարբերակներ, հնարավորություն կունենան լսել դեսպաններին, որոնք ունեն այն տեղեկատվությունը, որն օգտակար կլինի:
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը: