ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս պատգամավորների հարցերին պատասխանելու ընթացքում նշել է, թե ըստ իրենց ծրագրի որ դեպքում կբարձրանան աշխատավարձերն ու թոշակները:
Փետրվարի 12-ին վարչապետն այս մասին խոսել է՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին:
«Այսօր մեր հանրակրթության համակարգում շուրջ 12 հազար հաստիք կա, որոնց կարիքը չկա ընդհանրապես: Այսօր մեր երկրում կան մանկավարժներ, ովքեր ստանում են 25 հազար աշխատավարձ այն դեպքում, երբ բյուջեով սահմանված է, որ աշխատավարձը պետք է լինի 125 հազար դրամ: Սա այն պատճառով է, որ մեկ դրույքի վրա գրանցում են մի քանի հոգու»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ մինչև պետական և հանրային օրգանիզմը չառողջացնեն, այդ խնդիրները չեն կարող լուծվել:
«Պետք է գտնենք, թե մեկ դրույքի վրա գրանցված ով է այդ ավելորդ աշխատողը, իրեն պետք է ասենք, որ գնա զբաղվի իր գործով, որպեսզի մանկավարժն էլ իր աշխատավարձով անի իր աշխատանքը: Թոշակների ավելացման համար Կառավարությունն իր բաժինը կանի ստվերի դեմ պայքարելով, բայց, եթե թոշակառուն գնա իր թոշակով շաքարավազ գնի ու կտրոնը չվերցնի, իր թոշակը շատ քիչ է բարձրանալու»,- նշեց վարչապետը:
ՀՀ կառավարությունն իր ծրագիրը հաստատել է փետրվարի 8-ին կայացած կառավարության արտահերթ նիստում։
Կառավարության ծրագրի նախագիծը ներկայացվել էր կառավարության փետրվարի 6-ի նիստում, սակայն այն չէր հաստատվել, քանի որ ստացվել էին նոր առաջարկություններ: Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը ներառում է հետևյալ բաժինները.
Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության հիմնարար ուղենիշերը.
արտաքին և ներքին անվտանգության ապահովումը (պաշտպանության ոլորտի քաղաքականություն, ներքին անվտանգություն, արտաքին քաղաքականություն, սփյուռքի հետ կապեր),
պայքար կոռուպցիայի դեմ (հանրային ծառայության մեջ գտնվող անձանց գործունեության, գույքի և եկամուտների թափանցիկություն, հանրային կառավարում, տնտեսական գործունեության թափանցիկություն),
ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի (օրենքի առջև բոլորի հավասարություն, արդարադատություն և մարդու իրավունքների պաշտպանություն, աղքատության հաղթահարում, սոցիալական պաշտպանություն և ժողովրդագրություն, առողջապահություն, կրթություն և գիտություն, մշակույթ, սպորտ, երիտասարդություն, շրջակա միջավայր),
մրցունակ, մասնակցային և ներառական տնտեսություն (տնտեսական քաղաքականությունը և քաղաքացու
բարեկեցությունը, ստեղծարար ներուժի ընդլայնումը և իրացումը, մրցունակ և մասնակցային
տնտեսություն, գործարար միջավայր, ներքին շուկաների ազատություն, արդար մրցակցություն, արտահանումը՝ տնտեսական աճի հիմնական շարժիչ, ներդրումների աճը՝ մրցունակության և կայուն աճի նախապայման, զբոսաշրջություն, ՓՄՁ զարգացումը՝ ներառական տնտեսական աճի նախադրյալ, վերամշակող արդյունաբերություն, գյուղատնտեսություն),
տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում և ենթակառուցվածքներ (տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում, էներգետիկ բնագավառ, հանքարդյունաբերության ոլորտ, ջրային տնտեսություն, տրանսպորտ, պետական գույքի կառավարում, միգրացիա),
բարձր տեխնոլոգիաներ, թվայնացում և ռազմարդյունաբերություն (բարձր տեխնոլոգիաներ, կապ և թվայնացում),
պետական ֆինանսների կառավարում (հարկային համակարգ, պետական ծախսեր):
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր
թվի ձայների մեծամասնությամբ: