Երեկ մենք տեղեկություն էինք հրապարակել, որ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի այն հայտարարությունը, թե ՊԵԿ-ւմ իրենից սկսած մինչև հավաքարար պարգևատրվել են, չի համապատասխանում իրականությանը: 

Տեղեկությունը հիմնավորել էինք ՀՀ ՊԵԿ նախագահի 2-րդ և 3-րդ տեղակալներին կից Սպասարկման և Իրավաբանական վարչությունների աշխատակիցների միջոցով,որոնք ԼՈՒՐԵՐ.com-ին փոխանցել են, որ իրենց վարչության անդամները և ևս մի քանի վարչությունների աշխատակիցները չեն ստացել ո՛չ հավելավճար, ո՛չ էլ պարգևավճար: 

ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում բացառեց, որ ՊԵԿ-ում կարող էին լինել պարգևավճար չստացած աշխատակիցներ, այն էլ՝ ամբողջական վարչությունների:

«Պարոն Անանյանը սուտ խոսելու որևէ պատճառ ու հիմք չունի,  նրա տեսակն է այդպիսին: Նա հայտարարել է, որ բոլորն ստացել են աշխատավարձ և պարգևավճար դեկտեմբեր ամսին,  այն բոլոր աշխատակիցները, ովքեր ձեզ ասել են, որ չեն ստացել պարգևավճար, նրանք ստում են, վստահաբար ասում եմ: Մենք չենք կարող ունենալ արտաբյուջե և մարդկանց չվճարել: Ես ունեմ հավաստի ինֆորմացիա, 10 անգամ ճշտված, որ բոլորն ստացել են պարգևավճարները»,-մանրամասնեց ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը: 

Ինչ վերաբերում է մեր հրապարակմանը, որ պարգևավճար չստացած մի շարք աշխատակիցներ ստացել են միայն 10.000-ական դրամներ, մեկական 0.5 լիտրանոց օղի և կոնյակ (անվանումը չենք նշում՝ գովազդ չդիտարկելու համար) և ձեռքի ափի չափով չիր, ՊԵկ մամուլի խոսնակը կրկին հերքեց տեղեկությունը, վստահեցնելով, որ այդ մարդիկ ևս մտնում են պարգևավճար ստացողների մեջ. «Այդ 10.000-ական դրամները նրանք արհմիությունից են ստացել, իսկ բացի դրանից՝ պարտադիր պարգևավճար էլ են ստացել»:

Մեր այն դիտարկմանը, թե այդ կոնյակը, օղին և չի՞րն են պարգևավճարները, խոսնակը ասաց. «Ո՛չ, դա պարզապես ամանորյա ժեստ է, բոլորն անխտիր ստացել են պարգևավճար»:

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ