Պետական եկամուտների կոմիտեն այսօր  հաղորդագրություն էր հրապարակել, որտեղ ասվում էր, թե ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016-2017 թվականների ընթացքում «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության ղեկավար անձինք շահառուների հետ ապահովագրական պայմանագրերի կնքումն արհեստականորեն ձևակերպել են որպես ապահովագրական միջնորդ հանդիսացող տարբեր անձանց անուններով և դրանց դիմաց դուրս գրել ապահովագրական միջնորդավճարներ:
 
Ըստ ՊԵԿ-ի նախնական հաշվարկի, պետությանը պատճառվել է մոտ 200 միլիոն դրամ գումարի վնաս (առանց տույժ և տուգանքների):  
 
«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունից ԼՈՒՐԵՐ.com-ին փոխանցեցին, որ այդ ամենի մասին ընկերությունը տեղեկացել է մամուլից և պաշտոնապես հայտարարեցին, որ  ՊԵԿ աշխատակիցներն որևէ անգամ չեն այցելել  «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերություն՝ ստուգումներ իրականացնելու նպատակով:
 
«Անհասկանալի է, թե ինչ չարաշահումների և նախնական հաշվարկների մասին է խոսվում ՊԵԿ հաղորդագրության մեջ և ինչ փաստերի վրա է հիմնված տվյալ հայտարարությունը: Բավարար հիմքեր ունենք պնդելու, որ ՊԵԿ նման վարքագիծը բացառապես միտված է արատավորելու «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործարար համբավն ու հեղինակությունը, ուստի կոչ ենք անում ձեռնպահ մնալ ՊԵԿ կողմից տարածվող վստահություն չներշնչող հաղորդագրությունները հրապարակելուց և ցանկացած այլ միջոցներով տարածելուց»,- փոխանցում են  «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության մամուլի ծառայությունից: 

«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունից հավելում են նաև, որ, միաժամանակ, ընկերությունը ձեռնարկելու է օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցներն իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար: