Քննչական կոմիտեում ստեղծված՝ հատուկ հանձնարարություններով բաժնի ներկայացուցիչները այցելել էին «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներին: Թե ո՞րն էր այցելության պատճառը, պարզաբանեց խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ լրագրողների հետ զրույցում. «Որքանով հասկացա միայն մեզ չէին այցելել։ Նրանց ներկայացնելուց հասկացա, որ եղել են նաև Երևանի քաղաքապետարանում, որպեսզի համագործակցության առաջարկ անեն։ Գիտենք, որ քաղաքացիները շատ են դիմում պատգամավորներիս, որ հաճախ խախտվում են իրենց քրեադատավարական իրավունքները։ Պարզապես ՔԿ-ն առաջարկում էր, որ կարող են մեզ հետ աշխատել ավելի բաց, թափանցիկ և հարցերի դեպքում կարող ենք համագործակցային դաշտում լուծել այդ հարցերը»:
Այն հարցին, թե արդյո՞ք ՔԿ ներկայացուցիչները հանդիպումներ կունենան նաև ԱԺ մյուս խմբակցությունների հետ, պատգամավորը պատասխանեց. «Կարծում եմ այո, որովհետեւ համագործակցությունը չի կարող վերաբերել միայն մեր խմբակցությանը։ Կփորձենք համագործակցել»:
Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ ՔԿ աշխատակիցները այեցելել են ԼՀԿ խմբակցություն, սակայն, թե ո՞րն է եղել այցի նպատակը՝ նրանց ճշտել չի հաջողվել: