Երեկ Գյումրիում 1,5 ժամ կարկուտ է տեղացել, լցվել է մարդկանց տներն ու տարատեսակ շինություններ և հեղել է դրանք: Վնասների չափը դեռ հստակեցված չէ, բայց կան ընտանիքներ, որոնց տները պարզապես ավերվել են անոմալ տեղումների հետևանքով:

 

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում  գյումրեցի Լիլիկ Ավագյանը պատմեց իր գլխին եկածը:

«Տանը նստած  էինք, մեկ էլ կարկուտ սկսվեց, որոշ ժամանակ անց արդեն մահճակալը, բազմոցը հասել էին առաստաղին, ներքևում ամբողջը սառույց էր, էլ չխոսեմ տեխնիկայի մասին, որը չի աշխատում: Այս անգամ չկարողացանք կարկուտի դեմը առնել, 2 մետր բարձրությամբ սառույց լցվեց ամբողջ 130 քառ. բնակ մակերեսի վրա»,- ասաց Լիլիկ Ավագյանը:

Ըստ Լիլիկ Ավագյանի խոսքերի՝ կարկուտը այնքան ուժգին էր, որ իրենց իսկ տեղադրած ջրատարները ջուրը չէին հասցնում տանել. «2018 թ-ին ես խնդրեցի քաղաքապետարանին, որ գան, ջրատարներ կառուցեն, որովհետև ջուրը մշտապես լցվում էր մեր տուն, բայց, ի պատասխան իմ դիմումի, ասացին, որ սպասեմ, քանի որ, ըստ իրենց ծրագրի, 2019 թ-ին սպասվում են բարեկարգման միջոցառումներ, ինչը այդպես էլ մնաց անկատար: Ստիպված մենք համախմբվեցինք և 3 ջրատար կառուցեցինք»,- պարզաբանեց Գյումրու բնակիչը: 

«ԱԻՆ-ը, որպես այդպիսին, աշխատանք չիրականացրեց, միայն նկուղի ջուրը քաշեց, իսկ որոշն էլ նույնիսկ մնաց, ես անգամ խնդրեցի, որ գան, իմ տան սառույցը դուրս հանեն, բայց ասացին, որ չեն կարող, քանի որ չունեն բավարար գործիքներ՝ տան սառույցը դուրս հանելու համար, և ստիպված մինչև հիմա մենք ենք հավաքում էդ սառույցները»,- ընդգծեց Լիլիկ Ավագյանը:

Նրա խոսքերով՝ քաղաքապետարանից որևէ մեկը իրենց տուն չի այցելել. «Մեր տուն միայն մարզպետն էր եկել և շիվարած կանգնել էր, ասաց, որ առաջիկայում հանձնաժողով կգումարվի, ըստ որի, կփոխհատուցվի ամբողջ վնասը»,- եզրափակեց Գյումրու կարկուտից տուժած Լիլիկ Ավետիսյանը: