Արցախյան մարտերում զոհված Գառնիկ Խաչատրյանն իր գումարտակը տեղափոխել էր ապաստարան ու վերադարձել Մատաղիս: Մի քանի սպաներով կռվել են թշնամու դեմ, Գառնիկը, ցավոք, մահացու հրազենային վիրավորում է ստացել:
Գառնիկը Վարդենիսից էր, 33 տարեկան: Ամուսնացած էր, ունի 3 երեխա: Սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, այնուհետև ծառայել է Շամշադինի շրջանի Մեհրաբի զորամասում, որից հետո տեղափոխվել է Վարդենիս, Կապան, 2015 թվականից էլ եղել է Թալիշում:
Գառնիկի կինը՝ Սաթենիկ Եղիազարյանը, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում անկեղծացավ՝ նեղսրտում էր, որ Գառնիկը, անգամ, մեկ հանգստի օր չուներ, սակայն հոգու խորքում միշտ հպարտացել է ամուսնով. «Երբեք դեմ չեմ եղել Գառնիկի մասնագիտությանը, ես ինքս էլ շատ եմ սիրում, բայց լինում էին օրեր, որ բոլորը տուն էին գալիս, իսկ Գառնիկը՝ ոչ: Ասում էի՝ դու միշտ քեզանից կարոտով ես թողնում, ասում էր՝ առաջնայինը հայրենիքս է, զինվորը, հետո նոր ընտանիքս»:
Գառնիկը մասնակցել է նաև Ապրիլյան պատերազմին: Մայորի կոչում ուներ, հոգեբանական գծով զամպալիտ (տեղակալ) էր, սակայն մինչ այդ եղել է դասակի և վաշտի հրամանատար:
Հայրենասեր Գառնիկի համար ամենակարևորը զինվորն ու զինվորի հոգսն էր. «Ինքը միշտ բոլորի առաջին օգնությունն էր, բոլորի համար ժամանակ ուներ, իր գործի հետ մեկտեղ ամեն ինչ էր հասցնում, սպա լինելը շատ բարդ է. դու լինում ես ծնող, ընկեր, եղբայր, հայր քո զինվորի համար»,- ընդգծում է Սաթենիկը:
Գառնիկը երբեք չի տրտնջացել աշխատանքից, զինվորական կյանքն իր համար ապրելակերպ էր: Ամեն ինչում միշտ մի քայլ առաջ է եղել, սկսած գործը երբեք անավարտ չի թողել...
«Գառնիկն անթերի էր, յուրահատուկ ու այնքան բարի, որ երկինքն ինձ նախանձեց: Աշխարհում իր նման անկեղծ, ընկերասեր ու նվիրված մարդիկ այնքան քիչ են»,- ամուսնուն այսպես է բնութագրում կինը:
Գառնիկը 12 տարի ապրում էր Մատաղիսում: Կինն ու երեխաններն այժմ ժամանակավոր ապրում են Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում` մինչ կկարգավորվեն բնակության վայրի խնդիրները:
«Գառնիկն ունի մեկ եղբայր ու մեզ, մենք էլ հավերժ իրեն ունենք...»,- ցավով նշում է հերոսի կինը:
Արփինե Հակոբյան