Հայաստանի Ազատագրման Հայ Գաղտնի Բանակի (ASALA) ազատամարտիկ, «Վան» գործողության ղեկավար Վազգեն Սիսլյաննայնքան էլ գոհ չէ ներկայիս իշխանության գործունեությունից. ըստ նրա՝ չնայած, որ այս իշխանության պաշտոնավարման մեկ տարին է մոտենում, այնուամենայնիվ, լուրջ փոփոխություններ աչքի չեն ընկնում՝ քան եվրոպականացման տանելն է:
Ստորև ներկայացնում ենք Վազգեն Սիսլյանի հետ զրույցը.
-Պարո՛ն Սիսլյան, ներկայիս իշխանության վարած քաղաքականությունն ինչպե՞ս կգնահատեք, Ձեզ դո՞ւր է գալիս:-Ոչ:
Ինչո՞ւ:
-Որպես ազգային մարդ, հայրենիքի մարդ, մեր մենթալիտետից ելնելով՝ կարող եմ ասել, որ ինքը (Նիկոլ Փաշինյանին նկատի ունի. խմբ.) լրի՜վ ուրիշ տեղ է տանում. տանում է դեպի Եվրոպա: Բայց չէ՞ որ այստեղ բարոյական սկզբունքներ, խնդիրներ կան; Սպասենք՝ կիմանանք ինչ կլինի:
Որքա՞ն սպասենք, և ի՞նչ պետք է լինի:
-Դե 25-30 տարի սպասել ենք անհամբեր, դեռ մեկ տարին չի լրացել, կտեսնենք առաջիկայում:
Պարո՛ն Սիսլյան, իշխանափոխությունից 10 ամիս է անցել, Արցախի խնդրի կարգավորման հարցում որևէ առաջընթաց, առաջխաղացում, կամ հետընթաց նկատո՞ւմ եք, շարժ կա՞:
-Ոչ, ես կարծում եմ, որ սա տեղքայլ է, նույն տեղում արվող խոսակցություններն են: Ես կարծում եմ, որ այսպես եթե 20-30 տարի էլ շարունակվի, մեզ համար ձեռնտու պետք է լինի: Թող Ադրբեջանցին մտածի: Մի օր նրանց օրն էլ կգա ու ներսից կպայթեն և առիթը կօգտագործվի: Եթե ասում են «տարածքներ խաղաղության դիմաց», ապա թող այդ խաղաղության մասին Ադրբեջանը մտածի: Մենք զինվոր ժողովուրդ են, զինվոր ու պայքարող ազգ ենք և մեր իրավունքի տեր ազգ ենք:
Վերջին շրջանում ակտիվորեն սկսեց քննարկվել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հայտարարությունը, թե Սերժ Սարգսյանը և Արցախի իշխանությունները 2017թ. տարածքների զիջման վերաբերյալ հարցն են քննարկել: Սա պարզապես խոսակցություն է դաշտ նետելու համա՞ր, թե՞ ինչ:
-Մեծ ուշադրություն պետք չէ դարձնել այդ խոսակցություններին, քանի որ ամեն օր մի հեքիաթ է հայտնվում: Դրանք դարձել են նաև ֆեյսբուքի մակարդակի խոսակցություն և ինչ ասես՝ գրում են այդտեղ:
Իսկ ինչպե՞ս եք գնահատում ներկայիս իրավիճակը, ինչպես որ խոսվում է՝ առաջիկայում կկանգնե՞նք պատերազմի խնդրի առաջ:
-Գիտեք, պատերազմի խնդիրը մենք միշտ էլ ունեցել ենք:
Այսինքն՝ չկա՞ ոչ մի խնդիր այնտեղ, որ վերջին ամիսներին առավել ակտիվացել է այս թեման:
-Զինվորական կյանքի հետ առնչվելով, ես դեռևս նման բան չեմ զգում: Անկեղծ եմ ասում:
Իսկ սահմանին կուտակումնե՞րը, որոնց մասին անդադար խոսվում է:
-Այդ կուտակումները հա էլ կան ու եղել են, Ապրիլյան քառօրյայի ժամանակ էդքան կուտակում էր եղել ու մեկը բերանը չէր բացում, բայց եղավ քառօրյան: Պետք է գիտակցենք, որ այդ կուտակումներն ամեն օր ու անընդհատ կարող են լինել: Մենք խաղաղության մեջ չենք:
Ի՞նչ եք կարծում, ներկայիս իշխանությունը հնարավո՞ր է տանի նրան, որ մենք իրոք մի օր կանգնենք պատերազմի միջոցով տարածքների կորստի ռիսկի առաջ, ինչի մասին, որ խոսվում է:
-Հարցը ես տամ քեզ. դու ինքդ՝ կթողնե՞ս:
Միանշանակ ո՛չ:
-Ահա, եղանք երկու արդեն, ու այսպես հազարների ու միլիոնների ենք հասնում մենք:
Հարցս մեր թողնել-չթողնելուն չէր վերաբերվում, այլ իշխանության վարած քաղաքականությանը:
-Չպիտի թողնենք, որ դրան տանի ամեն ինչ: Եթե իսկապես իշխանությունը ժողովրդինն է, ապա ժողովրդի ձայնը պետք է լսեն, իսկ ժողովուրդն արդեն իսկ որոշել է:
Հարցազրույցը՝ Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ