Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ որոշումը: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը «Դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա հրապարակեց որոշման եզրափակիչ մասը.
«Քննության առնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի 2018 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ ներկայացված միջնորդությունը՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի միջնորդությունը բավարարել, իրական կարգապահական խախտման հիմքով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները դադարեցնել: Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարկման պահից և վերջնական է»:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Արայիկ Մելքումյանն ասաց, որ ամբողջությամբ համաձայն չէ որոշման հետ և որոշումը ստանալուց հետո առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ:
2019 թվականի փետրվարի 4-ին տեղի էր ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նիստը, որի ընթացքում խորհուրդը քննել էր Արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 151-րդ հոդվածի համաձայն՝ վարույթի նյութերի հետազոտումից և նիստին մասնակցող անձանց ամփոփիչ ելույթները լսելուց հետո խորհուրդը հարցի քննությունն հայտարարել էր ավարտված և հեռացել որոշում կայացնելու: