Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ Հայաստանում տեղի ունեցող ամենակարևոր գործընթացն այս պահին նոր ձևավորված կառավարությունն ու կառավարության ծրագիրն է:
Լրագրողների հետ հանդիպմանն Իսկանդարյանը հավաստիացրեց, որ այս խոսակցությունները դեռ երկար են շարունակվելու:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ քաղաքագետը նշեց, որ այդ հարցում փորձ է արվում վերագործարկել Մինսկի գործընթացը, որը փաստացի մահացել է։ «Ամեն դեպքում, 2016-ին այն հաստատ մահացել էր։ Հիմա փորձ է արվում այն վերակենդանացնել, որպեսզի գոյություն ունենա որպես ձևաչափերից մեկը՝ անվտանգության ու հակամարտության կողմերի միջև կապի համար», - ասաց նա։
Նրա խոսքով՝ գործընթացն անպայման հասնելու է երկու երկրների առաջին դեմքերի միջև հանդիպմանը, որը ակնհայտորեն նախապատրաստվում է։
«Իմ կարծիքով, Դավոսում Փաշինյան-Ալիև հանդիպումը պատահական չի եղել։ Դավոսում չեն լինում պատահական հանդիպումներ»,-հավելեց նա:
Ալեքսանդր Իսկանդարյանը վստահեցրեց, որ միակ խնդիրը հակամարտող կողմերի միջև հետապնդող նպատակների տարբերությունն է, սակայն մեթոդիկան է նույնը: