Կառավարության նիստում հետ է ուղարկվել տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Հակոբ Արշակյանի բերած օրինագիծը՝ մինչև դեկտեմբերի 30-ը գնված աջ ղեկով մեքենաների ներմուծումը մինչև ապրիլի 1-ը թույլ տալու վերաբերյալ։
Օրինագիծը ներկայացնելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ արդյոք խոսքը գնում է միայն ՀՀ մաքսային սահմանին գտնվող մեքենաների մասին, ինչին Արշակյանը պատասխանել է, որ որոշումը կվերաբերվի նաև ճանապարհին գտնվող մեքենաներին՝ ընդամենը 830 հատ, որից սահմանին են 442-ը։
Փաշինյանը հակադարձել է, որ Այրումում ներկրողների հետ հանդիպման ժամանակ պայմանավորվել են, որ խոսքը միայն մաքսակետին եղած մեքենաներին է վերաբերվում: «Հիմա կարող է պարզվի՝ 10 հազար գնված մեքենա կա, կեսն էլ՝ Ճապոնիայում․․․ Պայմանավորվել ենք, որ VIN կոդերով՝ գնված մեքենաների հարցը լուծում ենք։ Ես համաձայն չեմ, որ մի բան պայմանավորվենք՝ այլ բան անենք», - ասել է նա։
Փաշինյանը նշել է, որ աջ ղեկով մեքենաների աճն անթույլատրելի է, քանի որ դրանք երթևեկությունում լուրջ խնդիրներ են առաջացնում։
Վարչապետը Արշակյանին հորդորեց վերանայել նախագիծը, որպեսզի այն վերաբերվի միայն սահմանին կուտակված 442 մեքենային։