Հայաստանի Հանրապետության ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փետրվարի 15-ին ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուգլիսի գլխավորած պատվիրակությանը:
Տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր՝ վերահաստատելով երկկողմ պատրաստակամությունը նոր ծրագրերի իրագործման հարցում:
Անդրանիկ Քոչարյանը բարձր է գնահատել ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության մակարդակը եւ կարեւորել խորհրդարանական ձեւաչափով Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակում ընդգրկված միջոցառումների իրականացումը: Գործընկերային հարաբերությունների շրջանակում հանձնաժողովի նախագահն առանձնացրել է մասնավորապես միջազգային խաղաղապահ առաքելություններին ՀՀ մասնակցությունը:
Նա վստահեցրել է, որ ՆԱՏՕ ԽՎ-ում իր գլխավորությամբ հայկական պատվիրակությունն ակտիվ է լինելու, խոսել է Ռոուզ-Ռոթ սեմինարին պատվիրակության մասնակցության վերաբերյալ:
Ռոզարիա Պուգլիսը կարեւորել է Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցությունը՝ փաստելով, որ խորհրդարանն իրենց ամենակարեւոր գործընկերներից է: Նա անդրադարձել է Հայաստանի զինված ուժերում բարեվարքության ամրապնդման ծրագրերին եւ դրան առնչվող խնդիրներին:
Զրուցակիցները կարեւորել են ՀՀ զինված ուժերում բարեվարքության ամրապնդումն ու կոռուպցիայի դեմ պայքարը, անդրադարձել մարտի 11-ից 18-ը Երեւանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի շաբաթվա ծրագրի շրջանակում խորհրդարանում նախատեսված միջոցառումներին: