Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում լարված իրավիճակ է. բնակիչները դուրս են եկել փողոց և պահանջում են նոր ընտրություններ։ Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրություններում 283 ձայնով հաղթել է ՀՀԿ-ական նախկին համայնքապետ Արթուր Մանուկյանը, որը հանրային ճնշումների ներքո հրաժարական էր տվել դեռևս նոյեմբեր ամսին։
Այսօր բնակիչները դուրս են եկել փողոց՝ կառավարության համապատասխան մարմիններից պահանջելու աուդիտ անցկացնել գյուղապետարանում՝ պնդելով իրենց նախկին մեղադրանքները, որ Մանուկյանը համայնքի բյուջեն ոչ նպատակային է օգտագործել, համայնքի խնդիրները տարիներ շարունակ չի լուծել և այլն:
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց կապ հաստատել համայնքի վերընտրված ղեկավարի հետ, պարզելու բնակիչների դժգոհության պատճառներն ու իր կողմից ձեռնարկվող քայլերը, սակայն Մանուկյանի հեռախոսահամարներն անհասանելի էին։
Մեզ հետ զրուցում համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Ազատ Գրիգորյանը հայտնեց, որ բնակիչների բողոքն ինչ-որ տեղ հասկանալի է, սակայն ընտրություններն անցել են ամբողջովին օրենքի տառին համապատասխան, և ընտրության ժամանակ չի գրանցվել որևէ անօրինականության դեպք։
«Արթուր Մանուկյանն ընտրվել է արդար ճանապարհով։ Բնական է՝ արդյունքներից դժգոհողներ կլինեն, բայց փաստ է, որ ժողովուրդն իր ձայնը տվել է նախկին գյուղապետին։ Որոշ հարցեր կան, որոնք թերի են եղել, բացթողումներ շատ կան՝ ինչպես ցանկացած գյուղում, բայց շատ բողոքներ արդեն չեն համապատասպանում իրականությանը»,- ասաց համայնքի ղեկավարի ԺՊ-ն։
Գրիգորյանը նշեց, որ համայնքի վերընտրված ղեկավարը փորձել է հարթել իրավիճակը, խոսել է բնակիչների հետ և խոստացել է նրանց պահանջներն իրականացնել․ «Մանուկյանը հրաժարական տալով ցույց տվեց, որ ունի ժողովրդի վստահությունը։ Կարծում եմ՝ նա էլ արդեն շատ բան հասկացավ, և նրա նախկին բացթողումներն էլ, իմ կարծիքով, նախկին համակարգի կողմից ստիպելու արդյունքում է եղել»։
Ինչ վերաբերում է համայնքի ղեկավարի՝ ՀՀԿ-ին անդամակցությանը և կուսակցության գաղափարակիր լինելուն, Գրիգորյանը նկատեց, որ իր տեղեկություններով՝ Մանուկյանը դուրս է եկել ՀՀԿ-ից և չի պաշտպանում նրանց դիրքորոշումը։
Նկատենք, որ այս ընտրություններում Արթուր Մանուկյանի դեպքը միակը չէ, որ հանրության ճնշման ներքո հրաժարական տված համայնքապետը վերընտրվում է․ նման դեպք տեղի է ունեցել նաև Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում․ հրաժարականի դիմում ներկայացրած համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը 917 ձայնով վերընտրվեց համայնքի ղեկավարի պաշտոնում։
Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ