ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստվում է բողոք ներկայացել քրեական հեղինակություններ Նորատուցի Ալիկի և Չարբախցի Գեղամի դատավճռի դեմ: Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Վերջինս նշեց՝ դատական ակտը ստացվել է, ուսումնասիրվել է, և դրա դեմ ներկայումս վերաքննիչ բողոք է պատրաստվում, որն ավարտական փուլում է:

Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում 2016-ի նոյեմբերին կրակոցներ էին հնչել, որի հետևանքով զոհեր և վիրավորներ էին եղել։

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի 2018թ. դեկտեմբերի 18-ի դատավճռով՝ գործով ամբաստանյալ Նորատուսցի Ալիկ մականվամբ հայտնի Ալիկ Բանդուրյանը, ով մեղադրվում էր  միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելուն օժանդակելու համար, արդարացվեց հայտարարվեց և ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։

Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը մեղավոր ճանաչվեց խմբի կազմում միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելու համար և դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, սակայն համաներման կիրառմամբ ազատ արձակվեց պատժի կրումից։

Ալիկ Բանդուրյանի թիկնապահ  «Բդո» մականունով հայտնի Արմեն Գասպարյանը, ով մեղադրվում էր  առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելուն օժանդակելու համար արդարացվեց։