ՀՀ ԿԳՆ Լեզվի կոմիտեն ուշադրության կենտրոնում է պահում գովազդային վահանակների, ցուցանակների գրությունները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշեց, որ օտար լեզվով գրությունների խնդիրն ավելի շատ մայրաքաղաքում է, քան մարզերում:
«Այսօր Երևանի կենտրոնի որոշ հատվածներ կարծես Հայաստան չլինեն: Դա օտարամոլության ցուցիչ է, չտեսություն է: Մեր այն մոտեցումը, որ լեզվաքարոզչության միջոցով մարդկանց ուղեղում կփոխվի վերաբերմունքը հայերենի նկատմամբ, պետք է ասեմ, որ որոշ դեպքերում չի աշխատում։ Արտաքին հարդարանքի հարցով նկատելի տեղաշարժեր չկան, հատկապես Երևանի կենտրոնում: Այնինչ մարզերում հայերենն ավելի լավ են պահում»,-ասաց Դավիթ Գյուրջինյանը: Նա նշեց, որ քաղաքացիներից մի քանի բողոք է եղել, և ինքը հարկադրված դատական վարույթ սկսելու հրաման է ստորագրել, որովհետև մարդիկ չեն հասկանում խոսքը:
«Խանութներից մեկի ցուցանակը միայն օտար լեզվով է, հայերենով գրված չէ: Մենք բազմիցս հորդորել ենք վերանայել, սակայն ոչ ոք ականջալուր չի լինում, հետևաբար սկսում ենք դատական գործընթաց: Եթե դատարանը վճիռ կայացնի, ապա օրենքով սահմանված կարգով նրանք կտուգանվեն 250 հազար դրամի չափով»,-ասաց Դավիթ Գյուրջինյանը: Նա նշեց, որ օտար լեզվով գրությունների խնդիրն առկա է ռեստորանների, ժամանցի կենտրոնների դեպքում ևս: