ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը պարզաբանում է տարածել` անդրադառնալով Ոստիկանության հաղորդագրությանը, որը վերաբերել է ԵՊՀ-ում արձանագրված չարաշահումներին:
«ՀՀ ոստիկանության տարածած երեկվա հաղորդագրության համաձայն՝ ԵՊՀ-ում հնարավոր չարաշահումների մասին տվյալները ստուգելու նպատակով Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Պետական վերահսկողական ծառայության՝ ԵՊՀ-ում կատարած ուսումնասիրությունների նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի վերաբերյալ, հայտնում ենք, որ ներկայացված տվյալները հետաքննության փուլում անհրաժեշտ, հրապարակման ենթակա մասն է միայն։
Պետական վերահսկողական ծառայության՝ ԵՊՀ-ում կատարած ուսումնասիրության ամբողջ ծավալը չէ, որ ներառված է հետաքննության, այսինքն՝ նյութերի նախապատրաստման այս փուլում։ Հիշեցնենք, որ քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե։ Դեպքերի հանգամանքները պարզվելու են նախաքննությամբ»,- ասված է ՊՎԾ պարզաբանման մեջ։
Հիշեցնենք, որ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում էր, որ համալսարանի 18 աշխատակից 2015-2018 թվականներին տարբեր ամիսների փաստացի չեն հաճախել աշխատանքի՝ երկար ժամանակով բացակայելով Հայաստանից: Պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և խմբային շահերից ելնելով, աշխատակիցների բացակայությունները ոչ միայն չեն արձանագրել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում, այլև պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ են արձանագրել: Այս ամենի հետևանքով փաստացի աշխատանքի չհաճախած անձանց անվամբ որպես աշխատավարձ դուրս գրված շուրջ 18.000.000 դրամը հափշտակվել է:
Պարզվել է նաև, որ Երևանի պետական համալսարանի տարածքում վարձակալական հիմունքներով տնտեսվարող սուբյեկտներից մեկի 2008-2012 թվականներին տված վարձավճարները մասնակի են մուտքագրվել համալսարանի հաշվեհամարին: Այս ապօրինության հետևանքով էլ յուրացվել է 9.200.000 դրամ:
Գլխավոր վարչությունում տրված հաղորդման համաձայն՝ ընկերության փաստացի ղեկավարը համալսարանի ղեկավար պաշտոնատար անձի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել շինարարական աշխատանքների կատարման պայմանագիր կնքելու վերաբերյալ: Մասնավորապես, բուհի ղեկավար պաշտոնատար անձը ընկերության ղեկավարից որպես կաշառք ստացել է 10.000 դոլար ընդհանուր արժողությամբ գույք: Այլ կերպ ասած՝ ընկերության ղեկավարը մասնակի վերանորոգել է նրա բնակարանը և առանձնատունը, ինչպես և ջեռուցման համակարգ է տեղադրել: Այս ամենի դիմաց բուհի ղեկավար պաշտոնատար անձը՝ 2015 թվականին ընկերության հետ շուրջ 400.000.000 դրամի շինաշխատանքների կատարման պայմանագիր է կնքել: հատկանիշներով:
Իր հերթին, երեկ ԵՊՀ-ն հաղորդագրություն էր տարածել ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության և
տեսանյութով տրամադրված տեղեկատվության կապակցությամբ: