Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հանդիպում է ունեցել «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության տնօրեն Ժիրայր Էդիլյանի հետ: Տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում Ժիրայր Էդիլյանը նշել է, որ «Վորլդ Վիժն»-ի գերագույն նպատակն է Հայաստանը դարձնել հույսով և արժանապատվությամբ ապրող երեխաների և երիտասարդների օրրան։ «Այսօր մենք հաճելիորեն զարմացած ենք՝ տեսնելով, որ ձեր ղեկավարությամբ կառույցը որդեգրել է նույն նպատակները և դրանց հասնելու ճիշտ ուղիները»,- ասել է նա:
Նախարարը շնորհակալություն է հայտնել «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությանը Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության և հատկապես ներառման գործընթացում ունեցած ներդրման համար, ինչը թույլ է տալիս առավել վստահ քայլեր ձեռնարկել՝ առաջ գնալու և փոփոխությունները համակարգային դարձնելու համար:
«Կարծում եմ, որ պետության հիմնական գործառույթներից մեկն էլ ոլորտում եղած լավագույն փորձը գտնելը և այն համակարգային փոփոխությունների հիմք դարձնելն է: Այս իմաստով «Վորլդ Վիժն»-ի փորձը կարող է լավագույն օրինակ դառնալ՝ այդ հիմքի վրա պետական մոտեցումներ ձևավորելու հարցում»,- ասել է նախարարը:
Նա տեղեկացրել է, որ նախարարությունն աշխատում է ապաինստիտուցիոնալացման նոր ռազմավարության մշակման ուղղությամբ, որը զգալիորեն տարբերվելու է նախորդ կառավարության բեռնաթափման ծրագրից: Ըստ ռազմավարության՝ ապաինստիտուցիոնալացումը պետք է իրականացվի՝ երեխային կենսաբանական կամ խնամատար ընտանիքներ վերադարձնելու և նրա համար համայնքում համապատասխան սոցիալական ծառայություններ ապահովելու միջոցով: Այս իմաստով սերտ համագործակցություն է անհրաժեշտ հատկապես ՏԻՄ-երի հետ:
Ժիրայր Էդիլյանը նշել է, որ «Վորլդ Վիժն»-ն աշխատում է Հայաստանի 6 մարզերում և մայրաքաղաք Երևանում, ծառայություններ մատուցելով 200-ից ավելի համայնքների համար։ Կազմակերպության հովանավորության ծրագրերում գրանցված է շուրջ 35 000 երեխա.
«Լիովին կիսելով ձեր մոտեցումները և նաև պատկերացնելով բոլոր մարտահրավերները, որոնք կարող են առաջանալ՝ այս նպատակի իրագործման ճանապարհին, կարող եմ ասել, որ մենք և մեր գործընկեր կազմակերպությունները պատրաստ են աջակցել նախարարության բոլոր ծրագրերին, որոնք ուղղված կլինեն երեխային ընտանիք, համայնք վերադարձնելուն»,- ասել է նա:
Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է նաև ընթացիկ ծրագրերին: Նա տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում սոցիալական աջակցության համակարգի վերանայման և նոր մոդելի մշակման ուղղությամբ, որն ավելի հասցեական և անձակենտրոն կլինի.
«Մեզ համար սկզբունքային է նաև աշխատանքի, զբաղվածության քաջալերումը, սակայն մարդը չպետք է անմիջապես զրկվի նպաստից՝ աշխատանքի անցնելուց հետո: Պետք է փորձենք նպաստառու-զբաղված անցումը հնարավորինս անցնցում իրականացնել»,- ասել է նա:
Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ փոփոխության է ենթարկվել հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին պետության կողմից աջակցության տրամադրման կարգը: Այսուհետ բոլոր գործընթացներն իրականացվելու են մրցութային կարգով: Սրա հիմնական նպատակը հավակնորդների համար հավասար հնարավորությունների ստեղծումն է, ինչպես նաև՝ մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը.
«Մենք հասկանում ենք, որ տեխնիկական խնդիրներ լինելու են, բայց նաև գիտենք, որ խնդիրները լուծելով պետք է առաջ գնալ: Այս գործընթացը թույլ կտա ոչ միայն բարելավել մատուցվող ծառայությունների որակը, այլև վստահ լինել, որ համայնքներում կլինեն երեխաներին անհրաժեշտ ծառայությունները մատուցող կազմակերպություններ»,- ասել է նախարարը: