Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն այսօր ընդունեց Վորլդ Վիժն Հայաստան Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագրի ղեկավար Վարազդատ Սարգսյանին:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժնից, Վարազդատ Սարգսյանը մարզի ղեկավարին ներկայացրեց այն ոլորտները, որտեղ կազմակերպությունը իրականացնում է բազմաբնույթ ծրագրեր: Դրանցից Գեղարքունիքի մարզպետն առավել կարևորեց սոցիալ-տնտեսական ոլորտը:
Այնուհետև կողմերը քննարկեցին Դրախտիկի միջնակարգ դպրոցի հիմնանորոգման ծրագրի շուրջ ստեղծված խնդիրը: Վարազդատ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը հանձն է առել՝ Դրախտիկի միջնակարգ դպրոցի հիմնանորոգման համար ներդնել 44 մլն դրամ, սակայն անհրաժեշտ է նաև լրացուցիչ ներդրում: Մարզպետ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ այս շաբաթ ինքն անձամբ կայցելի Դրախտիկ, տեղում կծանոթանա իրավիճակին և կհստակեցնի այն միջոցները, որոնք կուղղվեն խնդրի կարգավորմանը:
«Պատրաստ եմ լիարժեք համագործակցության, ձեր կողմից իրականացվող ցանկացած ծրագրի շուրջ: Կարվի նաև հնարավորը, որպեսզի անմխիթար վիճակում գտնվող Դրախտիկի միջնակարգ դպրոցը բերվի բարեկարգ տեսքի: Դպրոցի նորոգման ծրագիրը կարևոր է նաև նրանով, որ այն դառնալու է սոցիալ-տնտեսական ծրագրերի բաղկացուցիչ մասը, որն իրականացվում է «Դրախտի գյուղ» հասարակական կազմակերպության կողմից»- նշեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը: