Վերջին շրջանում հանրային դիսկուրսի ամենաքննարկվող հարցը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այսպես կոչված անտեսանելի ձեռքի առկայությունն է հետհեղափոխական Հայաստանի ներքաղաքական և ինչու ոչ նաև արտաքին քաղաքական ուղեգծի մշակման մեջ։ Շատերը ոչ առանց հիմնավոր փաստարկների կարծիք են հայտնում ,որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գիծը ամբողջությամբ գծված և հաստատված է Տեր-Պետրոսյանի կողմից։ Եթե ներքին քաղաքականության մեջ վարչապետը ունի սուվերենություն և մանեվրելու ազատություն, ապա նույնը չենք կարող ասել արտաքին քաղաքականության մասին ,այս ոլորտի կուրացիան ըստ որոշ պնդումների Տեր-Պետրոսյանը ամբողջությամբ է իր ձեռքը վերցրել։

Վերոնշյալ մտայնությունը այնքան լայն տարածում էր գտել , որ այն հերքելու գործին լծվեց անձամբ առաջին նախագահը, թերևս հասկանալով որ ՀԱԿ մամուլի խոսնակի մեկնաբանությունները չեն ունենում սպասված հանրային ռեզոնանսը։ Տարածված հայտարարության մեջ Տեր-Պետրոսյանը ջարդում է Փաշինյանի վրա իր ազդեցության մասին տարածվող թեզը ,սակայն անում է դա իրեն բնորոշ տերպետրոսյանական ոճով։ Մի կողմից կասկած չկա որ հայտարարության տեքստը համաձայնեցված էր վարչապետ Փաշինյանի հետ , քանի որ առաջին նախագահը դժվար թե այս փուլում իր «հոգևոր զավակին» թիկունքից հարվածելու կամ վերջինիս խաղաքարտերը խառնելու նպատակ ունենար։

Հայտարարությունից ակնհայտ է դառնում Տեր-Պետրոսյանի ցանկությունը մաքրել Փաշինյանին իր անվան հետ կապվելուց,հաշվի առնելով որ այդ կապը հիմնականում առնչվում է զիջողական թեզերին և էական գլխացավանք է հանդիսանում Փաշինյանի համար։ Սակայն ակնհայտ է նաև Տեր -Պետրոսյանի մեկ այլ ցանկություն ՝ ապահովագրել իրեն ,իր անունը Նիկոլ Փաշինյանի ձախողումներից, որոնք անշուշտ կլինեն, եթե վարչապետը շարունակի իր բռնած քաղաքական-տնտեսական գիծը։ Տեր-Պետրոսյանը լինելով հեռատես քաղաքական գործիչ չի կարող չգիտակցել այդ հանգամանքը, հետևաբար պետք է արձանագրել որ այս երկու գործիչներին միմյանց հետ կապելու փորձերը հարվածում են երկուսին էլ և դժվար է անգամ ասել՝ ում ավելի շատ:

Հետաքրքիր են նաև Լևոն Տեր-Պետրոսյանի տողատակով արված շեշտադրումները, որոնք ակնհայտ միտում ունեն դաշտը բաժանել  այսպես ասած սևերի և սպիտակների: «Սպիտակ» խաղացողը Նիկոլ Փաշինյանն է, իսկ «սևերը» մնացած բոլորը՝ Քոչարյան, Սերժ Սարգսյան և բոլոր նրանք այս կամ այն կերպ հակադրվում են Փաշինյանի վարած քաղաքականությանը: Տեր-Պետրոսյանի նման բաժանումը ստիպում է մտածել՝ ով էր ի սկզբանե քաղաքական դաշտը սևերի և սպիտակների բաժանելու իրական «հեղինակը»:

Ինչևէ , Տեր-Պետրոսյանի կողմնակիցները կարող են հպարտորեն հայտարարել, որ առաջին նախագահի խրոխտ շեշտադրումները ջարդուփշուր արեցին վերջին շաբաթներին ակտիվացած քարոզչական ապարատը, սակայն մյուս կողմից էլ հայտարարությանը ծանոթանալուց հետո չի լքում տպավորությունը որ Լևոն Տեր-Պետրոսյանը այս անգամ իր հոդված-հայտարարությամբ չհասավ ցանկալի նպատակին. այս հերքումը էլ ավելի ամրապնդեց այն մտայնությունը, որը Լևոն Տեր-Պետրոսյանի «անտեսանելի ձեռքը» այնուամենայնիվ հանրային զառանցանքի արդյունք չէ, ինչպես իր հայտարարությամբ փորձում է համոզել առաջին նախագահը...

 

Ստելլա Խաչատրյան