«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երեկ նախագահական նստվայրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն` նրանք քննարկել են օրակարգային տարբեր հարցեր: Միաժամանակ անդրադարձ է եղել արտերկրյա վերջին այցերին: Արմեն Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինայնին Իրան հաջող այցի համար:

Փաշինյանն էլ խոսել է արտաքին քաղաքական առաջիկա օրակարգի՝ իր ծրագրած այցերի մասին` միաժամանակ նշելով. «Այս ողջ արտաքին քաղաքական օրակարգը, իհարկե, կարեւոր է նաեւ ծառայեցնել մեր տնտեսական հեղափոխության նպատակներին: Տեղյակ եմ, որ Դուք էլ այս ընթացքում որոշ հանդիպումներ եք ունեցել, որոնք տեղավորվում են այս տրամաբանության մեջ: Եվ նաեւ կարեւոր է այդ տեղեկատվությունները համադրել, որպեսզի դրանց պայմանավորվածությունների հետագա իրագործումը դառնա առավել արդյունավետ»:

 

Վարչապետ Փաշինյանի՝ առաջին հայացքից սովորական թվացող այս խոսքերում իրականում քաղաքական լուրջ ենթատեքստ կա: Այսպիսով` Փաշինյանը թեեւ անուղղակի, բայց եւ բացահայտ իր բացասական վերաբերմունքն է արտահայտել Ա. Սարգսյանի՝ արտերկրյա վերջին այցերի, ավելի ճիշտ՝ այդ այցերի ժամանակ տնտեսական ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները գաղտնի պահելու կապակցությամբ: Ու հիմա նա բացահայտ շեշտում է այդ մասին` նշելով երկուստեք ունեցած տեղեկատվությունները համադրելու կարեւորությունը: Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում Արմեն Սարգսյանը շատ ակտիվորեն զբաղված էր արտերկրյա այցերով: Փաշինյանը փաստորեն կոնկրետ վերաբերմունք է արտահայտում: Մանավանդ, որ սահմանադրությամբ նախագահն արտաքին քաղաքականության բնագավառում շատ սահմանափակ լիազորություններ ունի, եւ այդ լիազորությունների մեջ չեն մտնում պետության անունից պայմանավորվածություններ ձեռք բերելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում