Պետական եկամուտների կոմիտեն ընդլայնում է հարկային և մաքսային ոլորտներում միջազգային համագործակցությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համաշխարհային մաքսային կազմակերպության «Մերկատոր» ծրագրին միանալուց հետո Հայաստանն աջակցություն է ստանալու մաքսային ծառայության կարողությունների զարգացման ոլորտում` ապահովելով Առևտրի համաշխարհային կազմակերպության առևտրի դյուրացման համաձայնագրի կիրարկումը:
ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության պետ Սուրեն Մելիք-Իսրայելյանն ընդգծել է, որ, համաշխարհային մաքսային կազմակերպությունը ողջունել է նաև Բեռնարկղերի հսկողության և Բացթողնման ժամկետների ուսումնասիրության վերաբերյալ Հայաստանի ներկայացրած ծրագրերը: ՀՄԿ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների հաջորդ համաժողովն անցկացվելու է Հայաստանում: Հարևան երկրների հետ համագործակցության շրջանակում՝ մշակվում են նոր նախագծեր` ուղղված տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ էլեկտրոնային տվյալների փոխանակմանը:
Ի դեպ, ՊԵԿ-ն առաջարկել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդ ունենալ, որն արագ կարձագանքի Վերին Լարսում առաջացող խնդիրներին:
Եվրոպական միության հետ գործընկերության շրջանակում 2019թ. շարունակվելու է գործակցությունը մաքսային ոլորտում, ծառայությունների, էլեկտրոնային առևտրի և մտավոր սեփականության իրավունքի ուղղություններով:
Պետական եկամուտների կոմիտեն աշխատանքները շարունակելու է նաև հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) և Չինաստանի՝ «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում: Միջազգային գործընկերների հետ ակտիվ գործակցության արդյունքում կբարձրանա նաև ԵԱՏՄ և ԱՊՀ մաքսային ու հարկային մասնագիտացված կառույցների հետ համագործակցության արդյունավետությունը: