Եվրասիական տնտեսական միության տարածքում միասնական արժույթ ներդնելու հարց չի քննարկվում, քանի որ այն ամրագրված չէ ոչ ԵԱՏՄ մեծ համաձայնագրում, ոչ էլ այլ փաստաթղթերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Տիմուր Սուլեյմենովը: «Միասնական արժույթի ներդրման հարցը չի քննարկվում ԵԱՏՄ որևէ հարթակում, քանի որ ոչ ԵԱՏՄ մեծ համաձայնագրում, ոչ էլ այլ փաստաթղթերում չի խոսվում միասնական արժույթի մասին»,-ասաց ԵՏՀ պաշտոնյան: Նրա խոսքով' փորձ է արվում ԵԱՏՄ տարածքում ունենալ ներդաշնակեցված արժութային կարգավորում, փոխադարձ առևտրում արժութային սահմանափակումներից խուսափում, ինչպես նաև ընդհանուր ֆինանսական շուկա մուտքի հնարավորություններ: «Ինչ վերաբերում է դրամավարկային, արժութային քաղաքականությանը, ապա այն գտնվում է երկրների տիրույթում, դեռ նրանք պատրաստ չեն դա փոխանցել վերազգային մակարդակ, իսկ առանց դրա միասնական արժույթը չի կարող կայանալ»,-հավելեց Սուլեյմենովը:
Ինչ վերաբերում է հարկային կարգավորումներին, ապա Տիմուր Սուլեյմենովի խոսքով' այդ հարցերը ևս պետությունների ազգային տիրույթում են: «Հարկերի դրույքները, հարկաբաժինները, հարկային արտոնությունները որոշվում են պետությունների մակարդակում: Մենք որպես հանձնաժողով պետք է ցուցաբերենք չեզոքություն, հետևենք, որ խտրական վերաբերմունքի չարժանանան այս կամ այն ապրանքները անդամ-երկրների շուկաներում: Եթե հայկական ապրանքը հայտնվում է, օրինակ, Ղազախստանում, այն չպետք է ավելի շատ հարկվի, քան այնտեղ արտադրվածը»,-նշեց պաշտոնյան' ավելացնելով, որ դա հիմնային սկզբունք է, որի իրականացման համար մշտապես մոնիտորինգ ու վերահսկողություն է իրականացվում:
Անդրադառնալով միասնական Մաքսային օրենսգրքին' ԵՏՀ նախարարը նշեց, որ դա թերևս ամենակարևոր փաստաթուղթն է ծավալի ու խորության իմաստով: «Մենք շատ համաձայնագրեր ունենք, որոնք կարգավորում են ոլորտները հիմնային մակարդակում, մնացածը մնում է ազգային մակարդակում: Մաքսային օրենսգիրքը թույլ է տալիս կարգավորել մաքսային իրավահարաբերությունների ամբողջությունը, հետևաբար ակնհայտ է, որ ռիսկերի կառավարման և մաքսային ծառայությունների համակարգերի, ինչպես նաև բիզնեսի ու պետության փոխհարաբերություններում տեսակետների տարբերության պայմաններում, շ ատ դժվար է այդ բոլոր փաստաթղթերի համաձայնեցումը»,-ասաց Սուլեյմենով: Նա հիշեցրեց, որ մայիսին Հայաստանում կայացած ԵԱՏՄ երկրների վարչապետների նիստին սահմանվել է Մաքսային օրենսգրքի մշակումն ավարտելու ժամկետը: «Բավականին խիստ ժամկետ է դրվել, մինչ այս տարվա դեկտեմբերի 1-ը մենք կունենանք Մաքսային օրենսգիրքը»,-հավելեց պաշտոնյան: