ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախատեսում է առաջիկայում համաժողով անցկացնել, որում քննարկվելու է ընտրական գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը: ԱԺ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին ԿԸՀ-ի գործունեությունը ներկայացնելուց հետո պատգամավորների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց Տիգրան Մուկուչյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանն ԱԺ-ում հարց ու պատասխանին հետաքրքրվեց, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդյո՞ք առաջիկայում ծրագրում է քվեաթերթիկների վերջնական հաշվարկի նոր տեխնոլոգիական լուծումներ, մասնավորապես՝ քվեատուփերի վրա էլեկտրոնային հաշվիչների տեղադրում: Նրա կարծիքով` դա լրացուցիչ վերահսկողություն կարող է ապահովել:
Տիգրան Մուկուչյանն այս տեսակետին ի պատասխան նշեց, որ իր կարծիքով` քվեախցերը, որոնք վերևի հատվածում ունեն սկաներ, այնքան էլ հաջողված լուծում չեն: «Քվեաթերթիկը դրան մոտեցվում է առանց ծրարի` բաց վիճակում, տեղադրվում է սկաների շերտի վրա: Դրանում կա մեծ ռիսկ` վերահսկելու ընտրողի տված քվեն: Ընդհանուր առմամբ՝ կարծում եմ, որ էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառման առումով պետք է առաջ գնանք: Մենք ընտրողների գրանցման համակարգում բավականին լուրջ քայլ կատարեցինք` տեղադրելով էլեկտրոնային ընտրողների գրանցման համակարգը: Սակայն կարծում եմ, որ հիմա արդեն կարելի է մտածել նաև էլեկտրոնային քվեարկության մեքենաներ կիրառելու մասին»,-ասաց Մուկուչյանն ու հավելեց` դա կարելի է կիրառել նախ պիլոտային ծրագրով, հետո ամբողջությամբ:
ԿԸՀ նախագահի կարծիքով` էլեկտրոնային քվեարկության մեքենաները հնարավորություն կտան ընտրությունների արդյունքներն անմիջապես քվեարկությունից հետո ունենալ: Մուկուչյանը նաև կարևորեց, որ զուգահեռ ունենան թղթով հաշվարկի հնարավորություն:
«Մենք մտածում ենք այդ ուղղությամբ: Նախատեսում ենք այս տարվա ընթացքում կազմակերպել գիտաժողով, որի հիմնական նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն է ընտրական գործընթացում: Մեր կարծիքով` գրանցման սարքավորումների տեղադրման մեր փորձը բավականին մեծ է, ինչը կարող ենք ներկայացնել, նաև կարող եք ծանոթանալ այլ փորձերի»,-եզրափակեց Մուկուչյանը: