Քաղաքապետարանը, «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոբուսներում տեսահսկման համակարգ տեղադրելով, պարզապես փորձում է կանոնակարգել ու վերահսկելի դարձնել աշխատանքը: Ավտոբուսների վարորդների գործադուլի խնդրով հրավիրված ճեպազրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: Տեսահսկման համակարգը հնարավորություն է տալու, որ տեսնեն՝ արդյոք վարորդը ղեկին ծխում է, թե ոչ, ինչպիսին է նրա պահվածքը:
«Այս պահի դրությամբ քննարկվում է, թե ինչպես ենք իրականացնելու փոփոխություններ, որ կարողանանք 2020-ին կատարել պատշաճ սպասարկում մինչև նոր երթուղային ցանցի ներդրումը: Ասվում է, որ Երևանում երթուղային ցանցը լավ չի աշխատում, մենք չենք հերքում: Մենք նույնպես նշում ենք, որ տրանսպորտային համակարգը Երևանում լավ չի աշխատում: Եվ դրանք արդյունավետ կազմակերպելու համար կատարում ենք որոշ աշխատանքներ: Եթե ինչ-որ մարդկանց դուր չի գալիս կանոնակարգումը, և համաձայն չեն այդ պայմաններով աշխատել, կարող են դիմում գրել և ազատվել աշխատանքից: Սակայն փաստ է, որ ամեն ինչ պետք է կանոնակարգվի: Նոր պայմանները ենթադրում են պատշաճ վերահսկողություն»,-ասաց Սարգսյանը:
Նա նշեց՝ եթե վարորդները թաքցնելու բան չունեն, ինչո՞ւ չեն ուզում, որ իրենց վերահսկեն: Փոխքաղաքապետը շեշտեց՝ պետք է ամեն ինչ անեն, որ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն աշխատի շահույթով: «Եվ մենք ունենք այն տեսլականը, թե ինչպես ենք զարգացնելու մեր ՓԲԸ-ն, որ այն լինի շահութաբեր: «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն, տրանսպորտային երթուղու ծառայություններից բացի, նաև կարող է տարբեր ծառայություններ մատուցելով, ունենալ համապատասխան շահութաբերություն»,-նշեց փոխքաղաքապետը:
Սկզբում վարորդները տեսախցիկների հետ կապված առարկություն չեն ունեցել, և փոխքաղաքապետը ենթադրում է, որ դա կազմակերպված գործադուլ է:
Անդրադառնալով դիտարկմանը, թե վարորդները նաև ասում են, որ ինչ-որ արկղ են տեղադրել ավտոբուսներում, փոխքաղաքապետն ասաց՝ նախատեսել են՝ փորձնական ընդամենը երկու ավտոբուսների մեջ, բացի տեսահսկման համակարգից, ունենալ նաև առանձին փոքր արկղեր, որը վարորդն առավոտյան կստանա և գումարները մուտք կանի դրա մեջ: Եվ վարորդը երեկոյան կվերադարձնի այն:
Մարտի 7-ի առավոտից «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոբուսների վարորդների մի մասը հրաժարվել էր երթուղի դուրս գալ՝ ավտոբուսներում տեղադրված տեսախցիկների պատճառով: