2019թ. փետրվարին հունվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.6% գնաճ: Բանանի գինը վերջին մեկ ամսում աճել է 10.6 %-ով, կարտոֆիլինը՝ 6.9 %-ով: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ, իսկ բենզինի գինը նվազել է 0.5 %-ով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
2019թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.7% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մրգի և բանջարեղենի համապատասխանաբար 1.7% և 7.4% գնաճը:
Վերջին մեկ տարվա կտրվածքով՝ 2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 5.6% գնաճ, իսկ մրգի ապրանքախմբում՝ 11.3% գնաճ:
Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ գրանցվել է 2.5%, իսկ 2019թ. հունվարի համեմատ՝ 1.4% գնաճ: 2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ ալյուրի և հացի գներն աճել են համապատասխանաբար 3.1% և 3.7%-ով:
2019թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների գներն աճել են 0.4%-ով, իսկ շաքարի և շաքարավազի, ոչ ալկոհոլային խմիչքների ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
2019թ. փետրվարին հունվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.4% գնանկում: 2019թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 0.5% գնանկում և դիզելային վառելիքի 0.4% գնաճ: 2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 9.6%-ով և 5.2%-ով: