Մենք ամենօրյա մոնիթորինգ ենք իրականացնում գերիշխող տնտեսվարողների մոտ, այսինքն՝ այն սուպերմատկետներում, որտեղ կան գերիշխող տնտեսվարողներ և մենք մոնիթորինգ իրականացնելու իրավասություն ունենք. դրանք 5-ն են: Կաթնամթերքի շուկայում արձանագրել ենք որոշակի բարձրացում 20-25 դրամի չափով: Այս մասին Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ-ի մամլո խոսնակ Գայանե Սահակյանը:
«Հանձնաժողովը պահանջել է գների բարձրացման վերաբերյալ տեղեկատվություն, և համաձայն նրանց ներկայացրած տեղեկատվության՝ բարձրացվել է դրսից ներկրվող կաթնամթերքի արտադրության մեջ օգտագործվող հումքը՝ տարաներ և այլն: Տեղեկացնում են նաև, որ բարձրացման վրա ազդեցությունը թողել է գյուղացիական տնտեսություններից մթերվող կաթի գինը: Հանձնաժողովը պաշտոնական գրությամբ դիմել է գյուղատնտեսության նախարարությանը, և քանի որ այդ նախարարությունն է տիրապետում պաշտոնական թվերին, և ինչ-որ առումով այս դեպքում ոլորտի կարգավորող և վերահսկող է հանդիսանում, ապա խնդրել ենք մեզ ներկայացնել գյուղացիական տնտեսություններից մթերվող կաթի դինամիկան: Այդ ուսումնասիրությունը դեռևս չի ստացվել: Ուսումնասիրությունը մեզ թույլ կտա համադրել տնտեսվարողներից ստացված տեղեկատվության հետ և պարզել, թե որոնք են բարձրացման պատճառները: Ընդհանուր առմամբ՝ տեղի է ունեցել գրեթե բոլոր արտադրանքների, արտադրատեսակների գնի 20-25 դրամի բարձրացում»,-ասաց Գայանե Սահակյանը:
Վերջինս նշեց, որ միայն գյուղնախարարության տված տեղեկանքը, գների դինամիկան ստանալուց հետո նոր միայն կարող են հաշվարկներ և գնագոյացման ուսումնասիորություն կատարել, այդ կերպ ավելի հստակ պատկերացում կկարողանան կազմել:
«Մեր մոնիթորինգով՝ երեկվա դրությամբ թանկացումներ չկան: Միայն բենզինի գինն է նվազել 10 դրամով, մյուս ապրանքատեսակների գներն անփոփոխ են: Գերիշխող տնտեսվարողները մեր հսկողության տակ են, և երեկվա մոնիթորինգի արդյունքներով՝ որևէ էական գնային փոփոխություն այդ շուկաներում չի նկատվել. ինչպես արդեն նշեցի, բացառությամբ դիզելային վառելիքի և բենզինի գնի, որն էլ նվազել է 10դրամով»: