Զարթոնք գյուղի բնակիչները գյուղապետ Պարույր Սարգսյանի դեմ բողոքի ակցիա են սկսել՝ պահանջելով նրա հրաժարականը:
Գյուղացիներն իրենց բողոքը բացատրում են տարիներ շարունակ գյուղում տիրող ապօրինություններով:
ԼՈւՐԵՐ.com-ը զրուցել է գյուղապետ Պարույր Սարգսյանի հետ.
-Գյուղացիները բողոքի ակցիայի ժամանակ նշում են, որ գյուղում բաժանված սոցիալական աջակցությունը հավասարաչափ չի եղել, շատերին այն չի էլ հասել: Ինչպե՞ս եք որոշում՝ ում օգնել, ում՝ ոչ:
- Ավագանին է որոշում, ես ո՞վ եմ: Ավագանին որոշում, հաստատում, տալիս է մեզ ըստ գյուղացիների ներկայացրած դիմումների:
-Իսկ միգուցե Ձեր համայնքում ֆինանսական օժանդակություն ստացածներից ավելի՞ անապահով ընտանիքներ կան, ովքեր անտեղյակ են, որ կարող են ֆինանսական աջակցություն ստանալու դիմում ներկայացնել ՏԻՄ-ին:
-Ոչ: Օրինակ, ինձ մոտ բոլորը հավասար են: Այս ժողովուրդը ինձ համար համահավասար ժողովուրդ է: Ես բոլորին վերաբերվել եմ շատ լավ ու միշտ էլ վերաբերվելու եմ այդպես: Նրանց բոլորին ես համարում եմ իմ ընկերներն ու բարեկամները: Հիմա մարդիկ են՝ վրդովված են: Նույն այս ակցիա անողների մեջ կան մարդիկ, ովքեր ժամանակին դիմել են ամենատարբեր հարցերով, և ես օգնել եմ: Չկա մեկը, որ եկած լինի ինձ մոտ որևէ հարցով, և ես ասած լինեմ՝ ոչ: Կադաստրի, էլեկտրականության, առողջության, կրթության հետ կապված բոլոր հարցերում օգնել եմ: ԲՈՒՀ-երում սովորող ուսանողներին եմ աջակցել 100 000-ական դրամներով: Բոլոր ժամանակներում նոր երեխա ունեցած ընտանիքներին տվել եմ 20 000-ական դրամ: Հարց տվեք ցուցարարներին, թե իմ արած լավությունների մասին ինչո՞ւ չեն ասում, որ միայն բողոքում են: Բողոքի դուրս եկածներն էլ հիմնականում ծագումով ստեփանավանցիներ են, իսկ ավագանու նիստի ժամանակ, ովքեր դիմում են գրած եղել, նրանց դիմումներն ենք քննարկել ու աջակցել:
-Բողոքի դուրս եկածների մեջ կա՞ն Ձեզ արյունակից կամ հարազատ մարդիկ:
-Ոչ, այնտեղ իմ հարազատներից մարդիկ չկան:
-Ձեր դեմ բողոքի ակցիաները կազմակերպել են Ձեր մշտական ընդդիմադիրները՝ ընտրություններում մրցակից համարվող Վարդան Նիկողոսյանը և իր հորաքրոջ որդին՝ Սուրեն Պողոսյանը: Այս անգամ ինչո՞ւ են վրդովված:
-Սուրեն Պողոսյանի խոսքերն են՝ իրավիճակ է փոխվել (ծիծաղում է): Իրենց հիմնական խոսակցությունը, մեկնաբանությունն այն է, որ հիմա երկրում իրավիճակ է փոխվել: Ուրիշ ոչ մի բան: Բայց, եթե իրավիճակ է փոխվել, ամեն դեպքում՝ իրավապահ մարմիններ կան, թող իրավապահներին ասեն, եթե ես կաշառակեր եմ:
-Հնարավո՞ր է՝ Դուք էլ դադարեցնեք Ձեր լիազորությունները այնպես, ինչպես Սերժ Սարգսյանը հասարակության ճնշման տակ հրաժարական տվեց:
- Ոչ: 70-100 հոգու բողոքի ակցիայի պատճառով հուսախա՞բ անեմ իմ օգտին քվեարկած 1000 հոգո՞ւն:
- Բայց եթե գյուղերում կանայք ամաչում են դուրս գալ բողոքի ակցիայի, և ընդամենը Ձեզանից դժգոհ ընտանիքների տղամարդի՞կ են ցույցի դուրս եկել:
-Իրենք իրենց կանանց և դուստրերի հետ են ակցիայի դուրս եկել: Այնտեղ 10-15 կին կա: