Հայ-վրացական հարաբերություններին բնորոշ է փոխըմբռնման և վստահության մթնոլորտը: Երևանում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Մեր համատեղ պատմությունն աչքի է ընկնում բարեկամ երկրների ավանդույթներով և քաղաքակրթական բազմաթիվ ընդհանրություններով: Դրանց հիման վրա այսօր զարգանում և ամրապնդվում է մեր երկու երկրների բազմաոլորտ համագործակցությունը: Այսօր կրկին Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների զարգացումը իր ուրույն տեղն է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում: Այդ մասին են վկայում նաև վերջին շրջանում ամենաբարձր մակարդակի պարբերական հանդիպումները և ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասաց Արմեն Սարգսյանը:
ՀՀ նախագահն արդյունավետ գնահատեց իր վրացի գործընկերոջ հետ ունեցած բանակցությունները, որոնց ընթացքում անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
Հայաստանի և Վրաստանի նախագահները քննարկել են համատեղ ծրագրերի իրագործման հնարավորությունները տրանսպորտային, զբոսաշրջության, նոր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և այլ բնագավառներում: «Կարևորել ենք Հարավային Կովկասում ենթակառուցվածքային էներգետիկ և լոգիստիկ ծրագրերի իրականացման նշանակությունը տարածաշրջանային անվտանգության, կայունության և զարգացման ապահովման նպատակով: Չափազանց կարևորում ենք համագործակցությունը կրթության, մշակույթի և մշակութային ժառանգության պահպանման ոլորտում: Համոզված ենք, որ այդ ուղղություններով մեր գործադրած համատեղ ջանքերը կլինեն արդյունավետ»,- ասաց ՀՀ նախագահը:
Արմեն Սարգսյանը վերահաստատեց այն համոզմունքը, որ միացյալ ջանքերի շնորհիվ կկարողանան առավել խորացնել հայ-վրացական բարեկամական, ավանդական հարաբերությունները: