Հայաստանն այս տարի լայնորեն ներգրավված կլինի «Ֆրանսիայի համը» միջոցառմանը:
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ հայաստանյան 24 ռեստորան և 3 մասնագիտական դպրոց Երևանում, Գյումրիում և Դիլիջանում իրենց հաճախորդներին կներկայացնեն ֆրանսիական խոհանոցից ոգեշնչված իրենց ճաշացանկը:
«Ֆրանսիական գաստրոնոմիան մեր քաղաքականության մեջ է: Այն ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական ընդգծված առանձնահատկություն ունի, և դրանով է, երևի, պայմանավորված, որ ֆրանսիական գաստրոնոմիան գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների ցանկում»,- ասաց նա:
Դեսպանը նշեց, որ մարտի 18-ից սկսած աշխարհի 150 երկրների 5000 շեֆ-խոհարարներ կմիավորվեն այս տոնակատարության շուրջ՝ իրենց հաճախորդներին առաջարկելով ընթրիք ֆրանսիական ձևով:
Goût de France միջոցառումը նախատեսում է նաև ավանդական գալա-ընթրիք, որն այս տարի կազմակերպվելու է Գյումրիի «Տիրամայր Հայաստանի» կենտրոնում: