Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պահպանման համար հսկայական գումարներ են հատկացվում և չօգտագործել այդ միջոցները նպատակին՝ ճիշտ չէ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

«Ստացել եմ բանավոր հանձնարարական՝ ծանոթանալ Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի վիճակին և կիրակի օրը տեղակալիս հետ մեկնել եմ այնտեղ: Ծանոթացել եմ այնտեղ եղած գույքին և հնարավորություններին»,- ասաց Բաբայանը:

Վերջինս, մանրամասնելով, նշեց, որ վարժարանը նատեսված է եղել որպես հյուրանոց և առողջարան. «Այնտեղ կա հյուրանոցային մասնաշենք, որը փակի տակ է, կան 9 հատ երկհարկանի քոթեջներ, առաջին հարկում՝ խոհանոց, սանհանգույցներ աշխատասենյակ, հյուրասենյակ: Վերևի հարկում ննջասենյակներ որոնք նույնպես փակի տակ են: Կենտրոնական մասնաշենքի մի որոշ հատվածը և սպորտային հատվածն օգտագործվում է վարժարանի սաների կողմից, մնացած մասը չի օգտագործվում»,- ասաց նա:

Հյուրանոցային հատվածն առանձնացնելու վերաբերյալ Բաբայանը նշեց.


«Ուղղակի պետք է հասկանալ, թե ինչ ավելի լավ լուծում կարող է գտնվել։ Համենայն դեպս, վարժարանի գոյությանը ոչ մի բան չի կարող սպառնալ, բայց դա չի նշանակում, որ կարելի է չօգտագործել գույքը նպատակային: Պետությունը դրանից որևէ շահույթ պետք է ստանա։ Այն, ինչ արվել է, բոլորը գիտեն, որ շենքը կառուցվում էր որպես ՊԵԿ-ի համար առողջարանային-ուսումնական կենտրոն, հետո՝ Ապրիլյան պատերազմից հետո, այն տրվել է վարժարանին։ Բայց չի նշանակում, որ մինչև 100 աշակերտ ունեցող վարժարանին չպետք է տրված լինի 8 հա տարածք՝ հյուրանոց՝ փակի տակ, քոթեջներ՝ փակի տակ։ Այդ 8 հա տարածքի միայն մաքրության ծախսերը տարեկան 63 միլիոն դրամ է»,-ընդգծեց նա։

Անդրադառնալով հարցին՝ եթե վարժարանը որպես մասնավոր հյուրանոց ծառայի, որքա՞ն գումար կբերի այն պետությանը, Բաբայանը պատասխանեց, որ որևէ հաշվարկ չկա, թե որքան գումար է  ծախսվել կամ հյուրանոց ծառայելու դեպքում որքան գումար կբերի պետությանը:

«Նշված շինարարության հետ կապված 3 քրեական գործ կա, և ոչ ոք չի կարող իմանալ՝ հատկացված գումարներից որքանն է գրպանվել։ Ցանկացած գույք իր նշանակությամբ պետք է օգտագործվի։ Վարժարանի համար պետք է պատրաստված լինի համապատասխան պայմաններով տարածք, որից հետո տեղափոխվի։ Մենք բաց գործելաոճ ենք որդեգրել և որևէ գործարք լինելու է մրցութային», - ասաց Բաբայանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը գրառում էր կատարել՝ ասելով, թե կառավարությունը փորձում է կոմերցիոն նպատակներով օտարել Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գույքը: