Մարտի 16-ին Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղում փայտի վառարանի բռնկման պատճառով բնակարան է այրվել: Երկու անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքը մնացել է անտուն, ապրում է ժամանակավոր կացարանում, օգնություն դեռևս չի ստացել ոչ բարեգործներից, ոչ էլ համայնքապետարանից: 

ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց ընտանիքի հոր՝ Հարություն Բադալյանի հետ: Մեզ հետ զրույցում նա ասաց.

«Մենք տանը չենք եղել, վառարանն էլ վառված է եղել, երևի դա է  պատճառը: Հիմա անորոշ վիճակում ենք, բնակվելու տեղ չունենք:  Մի հատ տուն եմ գտել, որ անչափահաս երեխաներիս կարողանամ տեղավորել, բայց անորոշ է: Որևէ տեղից օգնություն չենք ստացել: Ճամբարակի համայնքապետը եկավ, նայեց ու գնաց: Ոչ պատասխան ստացանք, ոչ օգնություն» :

Դպրաբակ գյուղի վարչական ղեկավար Հովհաննես Նազլուխանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խնդրին տեղյակ է, օգնություն կազմակերպելը, սակայն, որոշ ժամանակ կպահանջի.

«Մենք խոշորացված համայնք ենք: Երեկ Ճամբարակի համայնքապետը եկավ, տեսանք այրված տունը: Փորձելու ենք օգնել այդ ընտանիքին: Ժամանակավոր կացարան տրամադրելու հարցն էլ է քննարկվում: Ամեն ինչ քննարկման փուլում է, մոտ օրերս կփորձենք օգնություն տրամադրել այդ ընտանիքին»,- ասաց  Նազլուխանյանը: 

 

 

Ասպրամ Փարսադանյան