Ռուսաստանի և Թուրքիայի միջև C-400 համակարգերի գնման շուրջ կնքված գործարքը կարող է աշխարհաքաղաքական նշանակություն ստանալ, քանի որ այդ գործարքի շնորհիվ Թուրքիան հաստատում է վերջին տարիներին իր քաղաքական նոր մոտեցումները տարածաշրջանային զարգացումների նկատմամբ: Լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա խոսքով՝ այդ գործարքը լուրջ մտավախություններ պետք է առաջացնի ԱՄՆ-ի մոտ, քանի որ այդ գործարքով Թուրքիան ցույց է տալիս, որ պատրաստ է գնալ այդ երկրի դեմ:
«Եթե փորձենք գնահատել ներկայիս վիճակը Թուրքիայում, կարելի է ասել, որ Թուրքիան տարածաշրջանային առումով գտնվում է իր դիրքերն ուժեղացնելու ճանապարհի վրա: Թուրքայի հակառակորդները շատ են, և թուրքիան պոտենցիալ այնքան ուժեղ չէ, որ կարողանա այս խնդիրը մինչև վերջ իրականացնել»,- ասաց նա:
Սաֆրաստյանը նշեց, որ Թուրքիան վերջին շրջանում, կարծես թե, կարողացել է բավական առավելություն ստանալ տարածաշրջանային առումով իր վաղեմի հակառակորդի՝ Սաուդյան Արաբիայի նկատմամբ: «Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում ամրապնդող մյուս հանգամանքն էլ այն է, որ նա կարողացավ գոնե տակտիկական առումով Իրանի հետ իր հարաբերությունները բարձրացնել ևս մեկ աստիճանով»,- հավելեց բանախոսը:
Ռուսաստանի և Թուրքիայի միջև C-400 համակարգերի գնման շուրջ կնքված գործարքը 2017 թվականին Թուրքիային արժեցել է ավելի քան 2 մլրդ դոլար:
Ի սկզբանե նախատեսված է եղել, որ C-400-ները Թուրքիա կմատակարարվեն 2020 թվականին, մինչդեռ ավելի ուշ ՌԴ-ում հայտնել են, որ թուրքական կողմի խնդրանքով համակարգերը Թուրքիային կհանձնվեն 2019-ին: