Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը Նիկոլ Փաշինյանի նշանակած ամենաակտիվ մարզպետներից է, սակայն պետք է նաև տարբերել ակտիվության դրական և բացասական ցուցիչը: Գևորգյանը մարզ էր եկել ինչպես և իր թիմակիցները՝ հեղափոխությունը իր հետ մարզ բերելու նպատակով: Իսկ այժմ փորձենք հասկանալ՝ ստացվե՞լ է դա մարզպետի մոտ, թե ոչ: Խորհրդարանական ընտրություններից հետո Գևորգյանին մեղադրեցին համայնքապետերի վրա ճնշում բանեցնելու, ձայների տեսքով վերևներից տված պլանը ամեն գնով կատարելու մեջ: Բողոքները, սակայն, «ջրվեցին» ու մոռացության մատնվեցին:

Կառավարության ղեկավարը, ինչպես հայտնի է, հստակ հրահանգ է տվել մարզպետներին, այն է՝ որքան հնարավոր է՝ ավելի մեծ ծավալով ներդրումներ բերել մարզ: Իսկ ի՞նչ է անում այս առումով մարզպետ Գևորգյանը: Օրինակ՝ Վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիան Գեղարոտի ՀԷԿ-երի գործունեության կասեցման վերաբերյալ հայտարարություն է տարածել, նշելով, որ հենվելով ընկերությունների կողմից ներկայացված փաստարկների վրա՝ պարզ է դառնում, որ իրողությունը կայանում է նրանում, որ Արագածոտնի մարզի տեղական ինքնակառավարման մարմինները մարզպետ  Գևորգյանի ղեկավարությամբ անում են ամեն ինչ, որպեսզի  խոչընդոտեն մարզում փաստացի ձևավորված բիզնեսին և արդեն իսկ կայացած մի քանի միլիոն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրերին:

Այսինքն, մարզպետը մարզ ներդրում բերելու փոխարեն, անում է քայլեր, որոնք կարող են հանգեցնել մարզից, իսկ ընդհանուր առմամբ, նաև Հայաստանից կապիտալի արտահոսքին: Բացի մարզի բիզնես միջավայրը փչացնելուց մարզպետը թերևս աչքի է ընկել միայն իր բռնկուն պահվածքով: Հիշում ենք վերջինիս մասնակցությամբ քաշքշուկը, ձեռնամարտը ՀՅԴ-ական գյուղապետի հետ, երեկ էլ հերթական դեպքն արձանագրվեց, այս անգամ արդեն՝ մարզի բնակիչների հետ, ովքեր իրականացնելով իրենց բողոքի ակցիան՝ շրջափակել էին մարզպետի ավտոմեքենան, վերջինս էլ հունից դուրս գալով, իսկ դա հաճախ է նրա հետ պատահում լեզվակռվի էր բռնվել բնակիչների հետ: Ինչպես ասում են՝ հեղափոխության մուտքը Արագածոտն՝ փոքր-ինչ հետաձգվում է…Ի դեպ, մարզպետի նկատմամբ նման վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականության ձախողման ամենավառ ապացույցներից մեկն է: Եթե մարզպետը մի քանի ամիս շարունակ աշխատում է և այդ աշխատանքի արդյունքը մարզի բնակիչները իրենց մաշկի վրա չեն զգում, տեսնում են միայն վերջինիս վոյաժները համայնքային բյուջեի հաշվին, և նրա փորձերը՝ «կանտրոլի տակ» պահել գյուղապետերին, համայնքապետերին, ապա դժվար թե նման դրածոն հարգանքի արժանանա մարզի բնակիչների մոտ և վերջիններս էլ, տեսնելով Փաշինյանի թիմի ներկայացուցիչների՝ գյուղապետերի, մարզպետների անգործության մատնված վիճակը, իրենց իրավունք են վերապահում հենց նման կերպ վերաբերվել իշխանության «նոր դեմքերին»...