«Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 19-ից: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մաքսային մարմիններին ներկայացվող փաստաթղթերում առկա տեղեկատվության համաձայն՝ մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը ձեռք բերված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն իրականացվելու է մինչև 2019թ. մայիսի 1-ը:
Սահմանին, անցակետերի հրապարակներում աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների կուտակման խնդիրը կանոնակարգելու նպատակով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներգրավել է լրացուցիչ աշխատակիցներ, ինչպես նաև տեխնիկական միջոցներ՝ տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումները և բացթողումը հնարավորինս սեղմ ժամկետներում ու անխափան իրականացնելու համար:
Ինչպես արդեն տեղեկացվել է, մաքսային ձևակերպումների իրականացման ժամանակ, առաջին հինգ օրերի ընթացքում, ՊԵԿ-ն առաջնահերթությունը տալու է ՀՀ սահմանային անցակետերում տվյալ պահին գտնվող տրանսպորտային միջոցներին՝ հնարավորություն տալով թեթևացնել սահմանային անցակետերի համապատասխան պահպանման հրապարակները և խուսափել լրացուցիչ կուտակումներից:
ՊԵԿ-ը քաղաքացիներից և շահագրգիռ բոլոր անձանցից ակնկալում է փոխըմբռնում ու աջակցություն այս հարցում: