Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ՝օրակարգային առաջին հարցը վերաբերել է «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում մարտի 23-ին անցկացվող համապետական մաքրության օրվան:
Մարզպետը կարևորել է մարզի բոլոր համայնքների, պետական և մասնավոր կառույցների ակտիվ մասնակցությունը համապետական շաբաթօրյակին: Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուներին հորդորել է այս աշխատանքներում լինել հետևողական: «Շաբաթօրյակի կազմակերպչական աշխատանքներին պետք է ամենայն պատասխանատվությամբ մոտենանք, այստեղ կարևոր է յուրաքանչյուր համայնքի, յուրաքանչյուր կազմակերպության նախաձեռնողականությունը։ Մեր երկիրը մաքուր կպահենք, մաքրությունը մարզից, համայնքից ու մեր բակերից սկսենք, մարդկանց մտածելակերպում փոփոխություն անենք»,- նշեց մարզպետը։
Մարտի 23-ին աղբահանության աշխատանքներ են իրականացվելու մարզի 42 համայնքներում, մաքրման աշխատանքներ են նախատեսվում միջպետական և համապետական նշանակության միջհամայնքային ճանապարհներում, դրանց հարակից տարածքներում, այգիներում, պուրակներում, սննդի և այլ ծառայություններ մատուցող ճանապարհամերձ օբյեկտներին հարող տարածքներում։ Նպատակը քաղաքացիների շրջանում մաքրությունը ապրելակերպ դարձնելն է, ինչպես մաքրելու, այնպես էլ չաղտոտելու մշակույթի ձևավորումը։ Մաքրման և բարեկարգման աշխատանքների սխեմաներին, կազմակերպչական գործողություններին հնարավոր կլինի հետևել նախապես կազմված քարտեզի միջոցով: