1in.am-ը գրում է.
1992 թվականի հունիսի 5-ին Երևանում կազմակերպված ստուգայցային միջոցառմանը մասնակցելու համար ոստիկանության տեսուչ, 28-ամյա Ռազմիկ Դ.-ն ընդգրկվեց 5 հոգուց բաղկացած խմբի մեջ:
Ժամը 19-ին խումբը մեկնեց ծառայության իրականացման տեղամաս:
Ստուգայցի ընթացքում երևանյան խաչմերուկներից մեկում ոստիկանների խումբը փորձեց կանգնեցնել և ստուգել խաչմերուկին մոտեցած «Ժիգուլին», որի ապակիները մգացված էին, իսկ հետևի պետհամարանիշը չկար:
«07»-ի վարորդը չկատարեց ոստիկանների պահանջը, մեքենան չկանգնեցրեց, այլ դիմեց փախուստի: Սկսվեց հետապնդում:
Մեծ արագությամբ ընթացող «Ժիգուլուն» հետապնդում էր ազդանշանները միացրած ոստիկանական մեքենան: Վախեցած անցորդները նայում էին սլացող մեքենաների հետևից՝ տեսնես ի՞նչ հանցագործների են ոստիկաններն այդպես խելակորույս հետապնդում…
Հետապնդողներից՝ տեսուչ Ռազմիկ Դ.-ն փախչող մեքենան կանգնեցնելու նախաձեռնությունն իր ձեռքը վերցնելով՝ «Կալաշնիկովից» նախազգուշական կրակոցներ արձակեց, բայց «Ժիգուլին» չկանգնեց: Սրընթաց հետապնդումը շարունակվեց քաղաքի փողոցներում:
Երևանյան լճի և Էջմիածնի խճուղու միջև ընկած տարածքում հետապնդող մեքենան ձախ կողմից մոտեցավ փախչող մեքենային: Ռազմիկ Դ.-ն կրկին գործադրեց հրազենը՝ գնդակոծեց «Ժիգուլին», բայց գնդակոծված մեքենան շարունակեց առաջ սլանալ: Հետապնդումը շարունակվեց:
«Ժիգուլիի» մեջ արդեն մահացու վիրավոր կար, նա մահանալու էր հիվանդանոցում…
Սեբաստիա և Շահումյան փողոցների խաչմերուկում կանգառին մոտեցող տրոլեյբուսը հայտնվեց «Ժիգուլու» առաջ: Վարորդը չկարողացավ կողմնորոշվել, թե ինչպես շրջանցի տրոլեյբուսը, և վերջապես արգելակեց:
Հենց այդ պահին հետապնդող ոստիկանական մեքենան շրջանցեց «Ժիգուլին» ու փակեց փախուստի ճանապարհը:
Տեսուչ Ռազմիկ Դ.-ն դուրս ցատկեց մեքենայից ու շարունակեց գնդակոծել արդեն կանգնած «Ժիգուլին»:
Հետագայում՝ դատարանում, Ռազմիկ Դ.-ն ասելու էր՝ իրեն թվացել է, թե «Ժիգուլին» գալիս է իր վրա, ինքը կրակահերթ է արձակել «ինքնապահպանության բնազդից»…
Սակայն տեսուչի առաջ քաշած վարկածը հերքվեց վկաների՝ կանգառում կանգնած տասնյակ քաղաքացիների, շրջակայքի կրպակավարների ու դրանց հաճախորդների ցուցմունքներով: Նույն վկաների ցուցմունքներով հերքվեց նաև Ռազմիկ Դ.-ի այն վարկածը, թե «Ժիգուլուց» փորձել են ատրճանակով կրակել իր ուղղությամբ, հետո, իբր, ատրճանակը նետել են տրամվայի գծերի վրա՝ Սեբաստիայի փողոցում: Նման բան չէր եղել, Ռազմիկ Դ.-ի այս վարկածը հերքեցին նաև նրա հետ նույն մեքենայում գտնված ծառայակիցները… Վերջիններս պնդեցին, թե Ռազմիկ Դ.-ն գործել էր սեփական նախաձեռնությամբ, նա ինքնակամ էր ստանձնել խմբի ավագի պարտականությունները: Երբ առաջին՝ նախազգուշական կրակոցներն էր արձակել, ծառայակիցները պահանջել էին, որ այլևս չկրակի, բայց Ռազմիկ Դ.-ն կարծես «ազարտի» մեջ էր ընկել, նա սկսել էր կրակել փախչող մեքենայի վրա…
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։