Կաթոլիկ աշխարհն ակտիվորեն քննարկում է համացանցում հայտնված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իտալական Լորետո քաղաքում ընդունելության մասնակիցներին չի թույլատրում համբուրել աջ ձեռքի մատանին, որը նրա հեղինակության խորհրդանիշներից մեկն է:
Կաթոլիկ եկեղեցու LifeSiteNews կայքը սա «տագնապային» իրավիճակ է որակել: Միևնույն ժամանակ, կաթոլիկ եկեղեցու քահանա Ռասել Պոլլիտը կարծիք է հայտնել, որ պետք է ընդհանրապես հրաժարվել Հռոմի պապի աջ ձեռքի մատանին համբուրելու ավանդույթից, որը, ըստ քահանայի, եկել է հին միապետություններից: Մյուս կաթոլիկներն էլ հիշել են, որ Բենեդիկտոս XVI-րդն ու Հովհաննես Պողոս II-ը նույնպես չէին սիրում, երբ համբուրում էին իրենց ձեռքը: Պաշտոնական Վատիկանը չի մեկնաբանել Ֆրանցիսկոս պապի այսպիսի պահվածքը:
«Երբեմն դա նրան դուր է գալիս, երբեմն՝ ոչ: Ամեն ինչ շատ պարզ է»,- Reuters գործակալությանը հայտնել է Պապի օգնականներից մեկը:
Պապի մատանին այլ կերպ անվանում են «Ձկնորսի մատանի»: Դա խորհրդանշում է այն, որ պապը համարվում է Պողոս առաքյալի հետնորդը, որը ձկնորս էր: Հենց պապը մահանում է, մատանին ոչնչացվում է, որպեսզի արձանագրվի նրա պաշտոնավարման ժամկետի ավարտը:
Յուրաքանչյուր նոր Պապի համար պատրաստվում է նոր մատանի, որը լինում է ոսկուց: Սակայն Ֆրանցիսկոս պապը խնդրել էր, որպեսզի գումարը տնտեսվի, իր մատանին ոսկով պատվի, բայց պատրաստվի արծաթից: