Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում քննարկվող թեմաներից մեկն էլ Հայաստանում գյուղատնտեսության զարգացումն է։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանն ասաց.
«Հորդորելու փուլն արդեն անցել ենք, հիմա փորձում ենք հնարավորություններ, հարմար պայմաններ ստեղծել, որ մարդիկ սկսեն զբաղվել ոչխարաբուծությամբ»։
Մեր հարցին, թե որո՞նք են այդ հնարավորությունները և արդյո՞ք ոչխարների գլխաքանակի ավելացումը բնապահպանական խնդիրների չի բերի, Ղալումյանը պատասխանեց.
«Հնարավորությունների առումով՝ պետք է անասնագոմեր կառուցվեն։ Գյուղացիներին կտրամադրվի վարկեր, սահմանամերձ շրջաններին 0% տոկոսադրույքով, մնացած համայնքներին՝ 5%-ով։ Սրանք շատ կարևոր քայլեր են իմ կարծիքով։ Բնապահպանական խնդիրների շուրջ կարող եմ ասել՝ եթե մենք հասնենք ոչխարաբուծության այն ծավալներին, որ մեր արոտավայրերը վնասվեն, ապա կարելի է մտածել այդ ուղղությամբ։ Դա դեռ չառաջացած խնդիր է։ Այս պահին կարևորն այն է, որ անգործությունը փոխարինենք աշխատանքով։ Խոսքը միայն այս ճյուղի մասին չէ, նաև զարգացնենք խոզաբուծությունը, խոշոր եղջերավոր անասուններ պահելը։ Մարդիկ ավելի հակված են խոզաբուծությամբ զբաղվելու, բայց այստեղ խնդիրներ կան, մասնավորապես, խոզի մսի գնի հետ կապված։ Ինտենսիվ այգիների ստեղծումը, հակակարկտային կայանների տեղադրումը, կաթիլային ոռոգման միջոցների ստեղծումը հնարավորությունն կտան զարգացնել նաև հողագործությունը»։
Մեր հարցին՝ արդյո՞ք գյուղատնտեսական հարկի սահմանումը չի խոչընդոտի այս ծրագրերին, պատգամավորը պատասխանեց, որ Գյուղատնտեսության և բնապահպանության մշտական հանձնաժողովում քննարկվում է միս արտադրող ընկերությունների համար ԱԱՀ-ը 20%-ի փոխարեն 10% դարձնելու հարցը։