«Անցումային արդարադատությունը Հայաստանում հնարավոր է, նաև անհրաժեշտ»:
Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն՝ անդրադառնալով Հայաստանում անցումային արդարադատության գործիքների ընդունմանը և կիրառմանը:
Պատգամավորը նշեց` անցումային արդարադատությունը հանրության տարբեր շերտերին հաշտեցնելն է. «Եթե նայեք ցանկացած երկրի օրինակով, անցումային արդարադատությունը դա է` հանրության տարբեր շերտերի հաշտեցնելը, արդարադատությունը վերականգնելը»,- ասաց Հովակիմյանը:
Դիտարկմանը, թե անցումային արդարադատության մեխանիզմները չեն կարող նաև բացասական ազդեցություններ ունենալ, պատգամավորն արձագանքեց. «Տեսեք, երբ ասում ենք անցումային արդարադատություն, ենթադրում ենք, որ ինչ-որ մարդիկ դրա հետևանքով տուժելու են: Օրինակ` մի մարդ, ով տարիներով պաշտոններ է զբաղեցրել և բյուջեի միջոցներն է մսխել, նրան ասում են` գիտես, դու բյուջեին վնաս ես տվել, պիտի վերականգնես այդ վնասը: Բնականաբար անցումային արդարադատությունը բացասաբար կանդրադառնա տվյալ մարդու համար, որովհետև նա մտածում էր, որ թալանել է ու դեռ իր երեխաներին էլ պիտի նշանակեր պաշտոնի: Անցումային արդարադատությունը նման մարդու համար բացասաբար է անդրադառնալու, իսկ հանրության համար անհրաժեշտ է»,- ասաց պատգամավորը:
Ամփոփելով իր խոսքը, Հովակիմյանը նշեց, որ մտքում դեռ չունի այնպիսի մեխանիզմներ, որոնք կարելի է գործիք դարձնել անցումային արդարադատության համար, բայց վստահ է, որ օրեր հետո խորհրդարանում` քննարկման ժամանակ կհնչեն արդյունավետ տարբերակներ` արդարադատության վերականգնմանը նպաստելու համար: