Քիչ առաջ հայտնի դարձավ, որ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանին:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ հրաժարականի հրապարակումից հետո՝ պատգամավորը մեկ շաբաթվա ընթացքում հնարավորություն ունի հետ վերցնել հրաժարականի մասին դիմումը, եթե նշված ժամկետում հետ չի վերցնում դիմումը, ապա նրա լիազորությունները համարվում են դադարեցված։
Եթե Գայանե Աբրահամյանը հետ չվերցնի հրաժարականի դիմումը, ապա նրան կփոխարինի համամասնական ցուցակով հաջորդ անձը, այսինքն՝ Կարապետ Մխչյանը, որն այժմ Գյումրու քաղաքապետի խորհրդականն է։ Սակայն, քանի որ համամասնական ցուցակի յուրաքանչյուր 4 թեկնածուի մեջ մեկը պետք է կին լինի և ցուցակում յուրաքանչյուր սեռի ներգրավվածությունը չպետք է անցնի 75 %-ը, ստացվում է, որ Կարապետ Մխչյանը չի կարող փոխարինել Գայանե Աբրահամյանին։ Իսկ համամասնական ցուցակով հաջորդ կին ներկայացուցիչը Զարուհի Մաթևոսյանն է, որը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականն է։