Այսօր՝ մարտի 29-ին Ազգային ժողովի նիստը քվորում չապահովվելու պատճառով ժամանակին չմեկնարկեց։
Իմքայլական պատգամավորները շեշտեցին, որ քվորում չափահովվելու պատճառը «Իմ քայլը» խմբակցության 35 պատգամավորների այցն էր Արցախ։ Չորս ժամ անց Ազգային ժողովի նիստը սկսվեց. պատգամավորների անհրաժեշտ քանակն ապահովված էր։
Աժ պատգամավորներ Ծովինար Վարդանյանը և Տաթևիկ Հայրապետյանը պատվիրակության կազմում են եղել, բայց ճանապարհից հետ են եկել. «Ըստ էության, սխալ էինք հաշվարկել։ Կար նաև արարողակարգային խնդիր, խմբակցության քարտուղարը, ղեկավարը շարունակեցին ճանապարհը, մենք հետ եկանք»,-լրագրողներին ասաց Տաթևիկ Հայրապետյանը։
Ծովինար Վարդանյանը լրացրեց՝ «Եղանակային պայմանների պատճառով մի մասը պետք է շուտ ճանապարհ ընկներ։ Մի մասն արդեն մեկնել էր, մի մասը դուրս էր եկել, բայց այդքան չէր հեռացել։ Այն մարդիկ, ովքեր արարողակարգային հրատապ խնդիրներ ունեին լուծելու՝ շարունակեցին ճանապարհը, այն մարդիկ, ովքեր կարող էին վերադառնալ, վերադարձան, որպեսզի խնդիր չառաջացնենք»:
Հիշեցնենք, որ այսօրվա նիստում քվեարկության էր դրված սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որն ընդունվեց ձայների բացարձակ մեծամասնությամբ։
Ասպրամ Փարսադանյան